24.11.2024
Պայթյուն Դիարբեքիրում. կան զոհեր և վիարավորներ
prev Նախորդ նորություն

Բաքվի գործողությունները Արցախի դեմ Եվարխորհրդարանում ընկալվեց որպես ագրեսիա. պատգամավոր

Եվրոպական միության խորհրդարանական բարձրագույն հարթակը ֆիքսեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չկա ռազմական լուծում, կա միայն քաղաքական լուծում, որի ճանապարհը Մինսկի խմբի գործընթացն է, հայտնում է Tert.am-ը, ում հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով երեկ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի վերաբերյալ հնչած հայտարարություններին:

«Եվրոպական խորհրդարանում երեկվա լսումներն անհրաժեշտ էին և պայմանավորված էին սահմանին վերջին օրերին կատարված միջադեպերի հրատապությամբ: Բնականաբար սա չէր կարող անտարբերության մատնել Եվրոպական միության խորհրդարանականներին, հետևաբար շատ կարևոր էր մեզ համար իմանալ պատգամավորների տեսակետները: Պետք է ընդգծել, որ բոլոր քաղաքական խմբերի կարծիքները խիստ դատապարտողական էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Շատերի մոտ այն միտումն է, որ Ադրբեջանն ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում և անհրաժեշտ է, որ Եվրոպական միությունը Ադրբեջանի նկատմամբ որդեգրի կոշտ ու ավելի ազդեցիկ քաղաքականություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ԵԽ-ում հնչած տեսակետները ճիշտ բնութագիր տվեցին ստեղծված իրավիճակին, ինչը շատ կարևոր է: Պատգամավորը միաժամանակ նաև նշեց, որ այս հայտարարություններն անհրաժեշտ ուղեկցող քաղաքական գործընթացներ են, բայց պատերազմը շատ ավելի խորը և հստակ գործողություններ է պահանջում: «Մենք պետք է ամեն կերպ ամրացնենք մեր արևելյան սահմանները և շեշտակի ավելացնենք մեր պաշտպանունակությունը: Սա թիվ մեկ խնդիրն է ամբողջ հայության համար։ Այս հարցին ոչ մի խորհրդարան ու քաղաքական այլ մարմիններ աջակցություն ցուցաբերել չեն կարող, բայց քաղաքական առումով կարևոր է, որ տեղի ունեցածը չընկալվեց՝ այդպես էլ պետք է լիներ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում ներկայացնել: Սա ընկալվեց որպես ագրեսիա, որը միջազգային իրավունքի տեսակետից դատապարտելի է»,-ասաց նա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 74 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: