22.11.2024
Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.


«Հակառակորդը, կիրառելով ծանր սպառազինություն, գրոհի է ենթարկում Արցախի ՊԲ դիրքերը բոլոր ուղղություներով: ՊԲ-ն համառ մարտեր է մղում և պատվով կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ: Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության և արժանապատվության դեմ:


Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ շարունակ Ադրբեջանը սնում էիր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը:


Ադրբեջանի բռնապետությունը իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել, և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:


Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցել հակառակորդին:


ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եվ ՀՀ-ն իր բնակչության և պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին:


Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար:


Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ, ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձռնարկելու է անհրաժեշտ գործողություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով:


Այս պահին հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ:


Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ, թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք, ինչպես միշտ":