Մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, արդեն վեց ամիս է, ինչ Հայաստանն արտակարգ դրության մեջ է, սակայն կարելի է ենթադրություն անել, որ արտակարգ դրությունը հիմնականում վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և ոչ իշխանությանը, որն անում էր այն, ինչ ցանկանում է՝ ինչքան կարևոր օրենքներ կային իրենց համար,դրանք բոլորն ընդունվեցին և դա այն պարագայում, երբ քաջ գիտակցում էին, որ անգամ դժգոհությունների դեպքում քաղաքացիները զրկված են և չեն կարողանալու իրենց դժգոհությունը լիարժեք կերպով արտահայտել:
«Այսօրվա իշխանություններն արտակարգ դրությունը օգտագործեցին իրենց քաղաքական շահի համար, ինչն արդար չէ սեփական քաղաքացիների նկատմամբ: Իսկ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, տրամադրվող միջոցները բավարար, լիարժեք չեն, ինչպես նաև երկարաժամկետ բնույթ չեն կրել, որպեսզի կարողանային գոնե կես չափով լուծել քաղաքացիների խնդիրները, որոնք առաջացել էին կորոնավիրուսի պատճառով: Կառավարությունը, ցավոք, չի անում քայլեր, որոնք իսկապես ունակ են թեթևացնելու մարդկանց բեռը և մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է»,- ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ճգնաժամի ժամանակ թիվ մեկ պատասախանատուն կառավարությունն է
Նա նաև կանխատեսեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական դժգոհությունների լուրջ ալիք կբարձրանա, որը, լուծում չստանալու պարագայում, անխուսափելիորեն տրանսֆորմացվելու է քաղաքական դժգոհության, քանի որ քաղաքացիների դժգոհության հասցեատերը կառավարությունն է ու հենց նրան է ուղղված պահանջը:
«Իսկ եթե խնդիրները չեն լուծում, ապաև հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ի՞նչ անելիք ունի էլ կառավարությունը»,- հավելեց նա:
Իր հերթին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամեն օր ականատեսն ենք լինում տարբեր բողոքի ակցիաների, որոնք ներկայացվում են ոչ որպես քաղաքական: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ իշխանությունը, երբ ուզում է, կարծես թե չտեսնելու է տալիս այդ ակցիաները, իսկ ահա ԲՀԿ-ի ակցիաների ժամանակ բավականին կոշտ արձագանքում էր և իրավական ողջ համակարգը դրվել էր այդ խնդիրը լուծելու համար:
«Սա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ի դեպքում իշխանությունն ավելի մեծ վտանգ է տեսնում, բայց խնդիրը միայն վտանգը չէ: Այսինքն՝ երբ իշխանությունն ուզում է, չտեսնելու է տալիս: Կամ Ամուլսարի խնդիրը. այս հարցի շուրջ իշխանության դիրքորոշումն այսօր որևէ մեկը հստակ չի կարողանում հասկանալ, բայց իմ տպավորությամբ ՀՀ բարձրագույն իշխանությունը ցանկություն ունի բացել հանքը, քանի որ եթե հակառակը լիներ, ապա հակառակը շատ ավելի հեշտ կլուծվեր: Գուցե դուխը չի հերիքում, որ վերջնական որոշում կայացնեն, որովհետև Ամուլսարի հարցը վաղուց արդեն տնտեսականից վերածվել է քաղաքական և նույնիսկ գեոքաղաքական հարցի»,- նշեց Հակոբյանը:
Բանախոսի խոսքով, այսօրվա իշխանություններն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրենք բավականին աչալուրջ են և անգամ փոքր ընդվզումը որպես վտանգ են տեսնում իրենց իշխանության համար: Եվ գործողությունները, որոնք իրականացվում են այդ ակցիաների դեմ, ցույց են տալիս, որ իշխանությունն իրականում մտահոգված է, ինչն ապացուցում է հենց նույն ԲՀԿ-ի ակցիայի դեմ կոշտ արձագանքը և այն, որ միանգամից գործի դրվեց քրեական հետապնդման մեխանիզմը: Նմանօրինակ իրավիճակ էր նաև Արթուր Վանեցյանի պարագայում, որին մի քանի անգամ հրավիրեցին ԱԱԾ:
«Այս իշխանությունը կիրառում է քաղաքական պռեսինգի մեխանիզմները, հիմնականում կիրառելով քրեական հետապնդման մեթոդները»,- ընդգծեց նա: