29.11.2024
Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթ է ներկայացրել ԱԺ քննարկմանը

Խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 17-ի, նիստում առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:


Պաշտոնյաները հայտարարագրում են նաև ծախսերը


Ներկայացնելով փոփոխությունների փաթեթը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ փոփոխություններով նախատեսվում է պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտի ներդրում, ինչը թույլ կտա ավելի լիարժեք պատկերացում ունենալ նրանց ֆինանսական վիճակի մասին: Հայտարարագրման ենթակա կլինեն 2 մլն դրամը գերազանցող միանվագ իրականացրած ծախսերը, ինչպես նաեւ մեկ ծախսային հոդվածի գծով գումարային ծախսերը, որոնք գերազանցում են 3 մլն դրամը: Որպես իրականացրած ծախսեր դիտարկվում են հանգստի, բնակության, անշարժ եւ շարժական գույքի վարձակալության, կրթության, վարկերի վճարման, գյուղատնտեսական գործունեության, անշարժ գույքի վերանորոգման ծախսերը: Նախարարն ընդգծել է, որ բացի վերոնշյալ ծախսերից, հայտարարագրման ենթակա կլինեն առանց բացառության 2 մլն դրամը գերազանցող միանվագ բոլոր ծախսերը:


ԿԿՀ-ն կկարողանա օպերատիվ միջոցառումների անցկացում պահանջել


Հայտարարագրման ենթակա կլինի փաստացի տիրապետման գույքը։ Այլ կերպ ասած ՝ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, որոնք դե յուրե գրանցված չեն պաշտոնյայի անունով, բայց գտնվում են նրա փաստացի վերահսկողության տակ, նույնպես ենթակա են հայտարարագրման։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավունք կստանա դիմել ուժային կառույցներին եւ պահանջել օպերատիվ գործողությունների անցկացում՝ գույքի փաստացի տիրապետման եւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ շփումների վերաբերյալ տվյալները ստուգելու համար:


Կոռուպցիայի դեմ պայքարողները կարող են գործը սկսել նաեւ պաշտոնաթողությունից հետո


Նույնիսկ հրաժարականից 2 տարի անց պաշտոնյաները կգտնվեն իշխանության վերահսկողության տակ։ Այսպես, օրինագծով առաջարկվում է ներդնել մեխանիզմներ, որոնց համաձայն, եթե պաշտոնյայի հրաժարականից հետո 2 տարվա ընթացքում «գույքի կազմի էական փոփոխության» դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավունք ստանա պահանջել «գույքի վիճակի իրավիճակային հայտարարագիր», հայտարարել է նախարարը:


Թանկարժեք համարվելու է նաեւ 4 միլիոնանոց գույքը


Փոփոխություններով նախատեսված է թանկարժեք գույքի նշաձողի իջեցում։ Ըստ գործող կարգավորման՝ թանկարժեք է համարվել 8 մլն դրամ արժողությամբ գույքը, փոփոխություններ են առաջարկվել նվազեցնել նշաձողը մինչեւ 4 մլն դրամ։


Նախատեսվում է նաեւ ընդլայնել պաշտոնյաների կազմը, որոնք պարտավոր կլինեն եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրեր ներկայացնել։ Այսպես, այս կարգի պաշտոնյաների թվում այժմ ընդգրկվելու են համայնքային վարչակազմերի աշխատակազմերի քարտուղարները, այն բնակավայրերի խորհրդի անդամները, որոնց բնակչության թիվը գերազանցում է 15 հազարը: