Քաղաքապետն ասել է՝ երբ կունենա Երևանը հանրային տրանսպորտի նոր ցանց և նոր ավտոբուսներ
Երևանի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման ու նոր ավտոբուսների ձեռքբերման գործընթացն արդեն սկսվել է: Հայտարարվել է 100 մինիավտոբուսի գնման մրցույթ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ սա միայն սկիզբն է:
Նա նշել է, որ Երևանում, համաձայն նոր մշակված ցանցի, որը պատրաստել է րիտանական WYG խորհրդատվական ընկերությունը, աշխատելու են 850-ից 950 ավտոբուս: «Հաշվի է առնված նաև պահեստային ավտոբուսների քանակը», - ասել է նա՝ հավելելով, որ այն կախված չէ միայն Երևանի քաղաքապետարանից: «Գործընթացում մասնակցում է նաև կառավարությունը, քանի որ առանց կառավարության աջակցության, համայնքը չի կարող իր ուժերով այդ խնդիրը լուծել», - ասել է նա՝ ներկայացնելով որոշակի մանրամասներ 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթի չկայանալու մասին:
«Կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ մենք հայտարարել ենք 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ: եղել է երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույցի պայմաններին: Դրա համար մրցույթը համարվել է չկայացած», - ասել է Մարությանն ու հավելել, որ այժմ աշխատում են նոր մրցույթի հայտարարման ուղղությամբ:
Համաձայն WYG խորհրդատվական ընկերության մշակած նախագծի Երևանի հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ:
Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:
Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: