Ղարաբաղում իրավիճակը թեժ է. ՀՀ վարչապետը հրավիրել է խորհրդակցություն 
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: 
Խորհրդակցությանը, կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»: 
ՀՀ ՊՆ փոխնախարար 
Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել: 
Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը: 
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ: Տեղեկատվությունը հերքում է ադրբեջանական ՊՆ-ն: