24.11.2024
Անհրաժեշտության դեպքում մարտական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջան. ԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Հույս ունենք, որ կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը:. Փաշինյան

Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Իսկ նման իրավիճակ, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, այսինքն՝ մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել:


«Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը: Եվ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Առաջինը՝ ես ուզում եմ կրկին ընդգծել պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը մասնավորապես այնտեղ, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված: Բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահպանվեն՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում հերթերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն մուտքից ներս, այլև եթե այնպիսի իրավիճակ է, որ փակ տարածքում չեն տեղավորվում մարդիկ և ստիպված են դրսում սպասել, դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն:


Օգոստոսի 1-ին թոշակների բաժանման պրոցես է սկսվելու: Եվ մենք նախորդ` հուլիսի 1-ի օրինակով, մեծ պրոբլեմներ ունեցանք և՛ բանկերի բաժանմունքներում, և՛ Հայփոստի բաժանմունքներում: Այնպես որ, առաջիկա օրերին` այսօր-վաղը, պարոն Գալստյան և պարոն Արշակյան, հատուկ աշխատեք, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:


Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե նույնպիսի պատասխանտվություն կամ առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները, քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում՝ դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի պարբերաբար ախտահանում: Որևէ կասկած չկա, որ, իհարկե, այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և, թույլ տվեք ասել, նաև քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Ի վերջո, մենք պիկը գոնե այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին: Եվ այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Եվ մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ դիմակների պարտադիր կրումն է, որ այն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ:


Եվ պետք է մեր քաղաքացիներին խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինեն ծայրահեղ ուշադիր և պահպանեն հակամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը: Նաև՝ հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ և ընդհանրապես միջոցառումներ կազմակերպելու ժամանակ խստիվ հետևեն այն կանոններին, որոնք սահմանված են պարետատան կողմից:


Ցավոք, մենք հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցները հայրենագիտական իրենց գիտելիքները մեծացնեն, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ մեր տեսչական մարմիններն այս ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Եվ, իհարկե, կարծում եմ, որ այս արդյունքը կապված է նաև ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ: Ինչքան էլ դա մեզ բոլորիս որոշակի դիսկոմֆորտ և տհաճություն է պատճառում, բայց մենք պետք է շարունակենք նույնպիսի խստությամբ հետևել կանոններին, որովհետև հիմա ձևակերպում ենք խնդիր, որ մենք համաճարակը, ըստ էության, որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի և մակարդակի վրա, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ: Եվ հետևաբար, այո՛, մենք այսօր այդ շանսը, հնարավորությունը ռեալ ունենք: Ինչքանո՞վ կիրացնենք այդ շանսը՝ կախված է և՛ պետական մարմինների, և՛ մեզնից յուրաքանչյուրի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից: Եվ մենք հույս ենք դնում, սիրելի հայրենակիցներ, ձեզ վրա: Եվ, իհարկե, նաև մենք մեզնից կախված մեր պատասխանատվության բաժինը լիարժեք կկրենք: Բայց հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրն այս պատասխանատվությունը և այս մարտահրավերը կընդունի, և մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը:


Եվ էլի ուզում եմ ասել, որ այս լավատեսական ուղերձները ոչ թե նրա համար են, որ մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար են, որ մենք ավելի զգոն լինենք, որովհետև մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ, և կարող ենք այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջությամբ չվերաբերենք իրավիճակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: