25.11.2024
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արտաքին սխալ քաղաքականություն, ռուսական ռազմաբազա, Ադրբեջան. ի՞նչն է մտահոգում Քոչարյանին

Ադրբեջանը փորձեց բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն դա կանխել են, այլև արժանի հակահարված տալով՝ բարելավել իրենց դիրքերը: ՀՀ ԶՈւ-երը արձագանքել են ժամանակին, արագ և համարժեք, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը: Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այս լոկալ միջադեպին եղել այսքան ցավալի: Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով՝ ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Նա նշել է, որ զինվորականներն ընդհանրապես պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք՝  հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար:  


«Այս ամենից առաջին հետևությունը այն է, որ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանը խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության: Մեր հանրությանը կերակրում էին, թե ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եթե չգնան խաղաղ կարգավորման, կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Եվ ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց»,- ասաց նա:


Անդրադառնալով երրորդ երկրներում հայ և ադրբեջանական համայնքների բախումներին, երկրորդ նախագահը նշեց, որ նույնիսկ 91-94 թթ պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել: Ըստ այդմ, պետք է ֆիքսել, որ այսօր ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն ունենք Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում, և երբ այս երկու հանգամանքը միանում են՝ պատերազմի վերսկսման վտանգը մեծանում է լինում.


«Ժողովրդին դիմելու, հույսեր կապելու Ադրբեջանի կառավարության կոնստրուկտիվիզմի հետ չկա: ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,- ընդգծեց նա:


Ռուսական բազայի մասին


Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Թուրքիայի ամբիցիաներն այսօր և 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից, և սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք: Ըստ նրա, սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, պահանջում են ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմաբազան է Հայաստանում:


«Հիմա այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, այլ պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով: ՆԱՏՕ-ի ամենից մեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզոր»,-ասաց նա:


Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին Նախիջեւանում, որտեղ  մեծաքանակ զորք է տեղակայված և հնարավո՞ր է, որ այդ կողմից հարձակում լինի Հայաստանի վրա, երկրորդ նախագահն ասաց. «Դա անկասկած ուժի ցուցադրում է, զգուշացում է, որ կարող է լինել նաև նման կարգի զարգացում: Այս կարգի մաասշտաբային զորավարժությունները ոչ միայն զորավարժություններ են զորավարժությունների համար, այլև լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Չեմ կարծում, որ դա կարող է վերածվել ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է՝ այդպես է: Յուրաքանչյուր նման կարգի զորավարժություն նաև նման ազդակ է, որ, այո, կարող է այսպես լինել, ինչ-ինչ հանգամանքների ժամանակ»,-ասաց Քոչարյանը:


Արտաքին քաղաքականության մասին


Անդրադառնալով երկրի ղեկավարության վարած արտաքին քաղաքականությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը. «Չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ. ինձ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Նախ, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց ես խիստ կասկածում եմ, որ այսօր կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում»,- նշեց նա:


Ըստ նրա՝ կա երկու գործընթաց այսօր՝ բազմաբևեռ աշխարհի ձեւավորում, որն արդեն փաստ է, և այդ բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր երկրների դերը մեր տարածաշրջանում.


«Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Երբ չկա միաբևեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են: Մեկ ուրիշ գործընթաց էլ կա, որի վրա ուշադրությունը շատ ավելի նվազ է. Խորհրդային միության փլուզվելուց հետո ձևավորվեց միաբևեռ աշխարհ՝ ԱՄՆ առաջնորդությամբ: Այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը ուղղակի կապվեց մեկ այլ`  նեոգլոբալիզմի հետ, երբ գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաև գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, ավելի շատ փոխաբերական իմաստով է, բայց այդ ուժերն ավելի լայն են։ Հսկայածավալ գումարներ են ծախսվել հազարավոր հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի այդ թեզը առաջ տանել: Կարծում եմ հիմա այդ թրենդը փոխվել է, մարդիկ համարում են, որ քաղաքակրթական  և մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է և արժեքը, որի համար պետք է պայքարել»,-ասաց նա:


Քոչարյանի խոսքով, այսօր աշխարհում կա այլ՝ ազգային արժեքների համար պայքարելու թրենդ, և այդ գործընթացում առաջատարներն են Ռուսաստանն ու Չինաստանը: Իսկ ՀՀ այսօրվա իշխանության մեծ մասը, մատնանշեց նա, եկել են այն հկ-ներից, որոնք ձևավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից  և երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են. «Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։ Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավվում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են, մեզ տանում են դեպի մի թրենդ, որն այսօր աշխարհում մարում է»,-ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ  եթե այս երկու գործոնները ճիշտ չեն հասկանում, մեր արտաքին քաղաքականության ուղղությունն է անհասկանալի: