VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։ Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ «Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 13-ից հետո չեն երկարաձգի, ուստի անիմաստ են համարում դատարան դիմելը։ Եթե այս կանխատեսումները սխալ լինեն, կվերանայեն որոշումը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը, ու արդյոք արդեն կա այն ժամանակահատվածը, երբ կկայանան այդ հանդիպումները: «Այս պահին պլանավորված այցելություն Արցախ չկա, եւ պաշտոնական հանդիպումների պայմանավորվածություն եւս չկա»,-հայտարարեց Վանեցյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախում եւս քննարկվում է, թե ինչ ձեւաչափով պետք է լինեն այդ հանդիպումները եւ որ պաշտոնական շրջանակներում: Չի բացառվում, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպի նաեւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր ղեկավարած կառավարության առանձին անդամների աշխատանքից և մտադիր է աշնանը կառավարության կազմում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել: Մասնավորապես իրենց պաշտոններին հրաժեշտ կտան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մի քանի նախարարներ և մարզպետներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, ով 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայրույթն է հարուցել: Ըստ մեր տեղեկությունների՝ թե´ օրենսդիր, թե´ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եվ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Օրակարգային հարցերից են եղել նաեւ կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադարձությունները, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, էդուարդ Աղաջանյանն ու Արփինե Դավոյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի տարածքի հետ, որ ընդամենը մի պահ մտել-դուրս է եկել։ Մակունցն էլ, հավատալով, ասուլիսում կրկնել էր նրա ասածն ու հայտնվել քննադատությունների թիրախում։ Ավելի ուշ հայտնված լուսանկարները փաստեցին, որ Հայկը 2 օր եղել է այդ օբյեկտում եւ այն ձեռք է բերել հեղափոխությունից առաջ։ Պատգամավորի «սուտը» վրդովմունք է առաջացրել։ ՔՊ նիստում քննարկել են հարցը, որոշել՝ եթե պարզվի, որ խաբել է, չի մարսելու»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում: Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաեւ պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, եւ դա անելու իրավասությունը կտրվի Աժ նախագահին: Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության չէին ենթարկվում: Գաղտնիք չէ, որ յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ են միջադեպեր գրանցվում պատգամավորների մասնակցությամբ, եւ, մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի փորձեն պատգամավորներին լռեցնեն էթիկայի հանձնաժողովի միջոցով: Ընդ որում, այդ հանձնաժողով այսուհետ դիմել կկարողանան բոլորը՝ մատնանշելով ապացույցներ, որ այս կամ այն պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունն է կրկին մեծամասնություն լինելու՝ չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում կարգապահական պատասխանատվության ենթարկված պատգամավորները շատ լինեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։ ՀԱԿ, իրավապահ շրջանակները եւս դժգոհ են, հիմնական վեճն այն չէ, որ առանց մրցույթի է թեկնածուն առաջադրվել, այլ՝ ներկայացված անձի անցյալն ու «ծագումնաբանությունը»։ Ամեն ինչ որոշելու է Նիկոլը, նրա կարծիքը դեռ չգիտենք։ Խնդիրը բարդ է նրանով, որ 3 դատավոր մեկ օրում պետք է ընտրվեն, այնպես որ՝ մինչ պառլամենտի սեպտեմբերյան նիստը հարցը պետք է լուծված լինի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: ՀՀ նախագահին հարց ուղղեցինք՝ ինքը նույնպե՞ս պատրաստվում է առանց մրցույթի առաջադրել ՍԴ դատավորի իր թեկնածուին․ հիշենք, որ դեռ 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն առանց մրցույթի առաջադրեց թեկնածուին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Նախագահականից պատասխանեցին․ «Հանրապետության նախագահն ԱԺ-ին ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրի մինչեւ ս․թ․ օգոստոսի 27-ը»: Մրցույթո՞վ, առանց մրցույթի՞, հնարավո՞ր է Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը․ հարցերը թողեցին անպատասխան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա իմքայլականների փակ հանդիպումը ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։ Իշխանական պատգամավորներին հրահանգված է՝ որքան հնարավոր է «հարցախեղդ» անել թեկնածուին, որի անվան շուրջ վերջին օրերին քննարկումները չեն դադարում։ Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը առաջիկայում դեմ է քվեարկելու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությանը։ Իշխանական պատգամավորները գիտակցում են՝ հակառակ դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է իրենց ուսերին։ Փաստացի, «Իմ քայլը» չի փորձելու կրակից շագանակներ հանել ու վտանգել իր հեղինակությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատերի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին: Չնայած վեթինգը՝ որպես պրոցես, միջազգային կառույցների ջանքերով մերժվեց: Բոլոր դատավորները վերցվեցին հատուկ հսկողության տակ, եւ սկսվեց «դատավորաորսը»: Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ:
Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատական համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է: Գաղտնալսվում են ոչ միայն դատավորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ: Դատավորները ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակներում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին: Մեր աղբյուրներն ասում են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյունքում է բացահայտվել սնանկության դատարանի հետ կապված քրեական գործը: «Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ-որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս: Ավելին՝ դատավորներից մեկի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաեւ այդ կադրերը: Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները՝ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետեւից նոր բացահայտումներ են լինում, եւ, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է: Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը եւ հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա եւս դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, դատավորները հայտնվել են իրավապահ համակարգի թիրախում. բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները: Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտումների են սպասում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որին ուշի-ուշով հետեւում է նաեւ հայկական կողմը: Եվ հենց այդ զորավարժությունների մեկնարկն էր պատճառը, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, թե զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարեւոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների եւ այլ ենթակառուցվածքների անմիջական հարեւանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետեւելու է զորավարժությունների ընթացքին եւ հետագա զարգացումներին։ Նաեւ Դավիթ Տոնոյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դեսպանների եւ ռազմական կցորդների հետ: Այս տեսանկյունից կարեւորություն է ներկայացնում նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարեւորությունը: Հետաքրքիր է, որ այս նույն շրջանում զորավարժությունններ են անցկացնում նաեւ Ռուսաստանը եւ Իրանը։ Իսկ, ահա, Հայաստանի սահմանի մոտ երեկ մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաեւ օդուժի կիրառմամբ վարժանքներ: Եվ չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12 -ին հայ – ադրբեջանական սահմանային սրացումից հետո»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հիմա էլ անում է ամեն ինչ, որ հանրությունը «տեղեկանա», որ կորոնավիրուսի նահանջը պայմանավորված էր բացառապես իրենց կողմից լավ կազմակերպված «դիմակ արշավով», որը վարում էր անձամբ Փաշինյանը, ինչը, ըստ իրենց, տվեց իր պտուղները։ «Այո, նահանջում է հիվանդությունը, որովհետեւ բնակչության մեծ մասը սկսեց դիմակ դնել»,- ասաց առողջապահության կազմակերպիչը: Բայց ասում են` եղանակային պայմաններից է, շոգը չեզոքացնում է վիրուսը, մանավանդ՝ առարկաների վրայից, առհասարակ՝ ողջ աշխարհում է նահանջում վարակը։ «Էդպես որ լիներ, Դուբայում, մնացած տաք երկրներում վարակ չէր լինի՝ վիրուսը դրսում չի ապրում, այլ` կենդանի օրգանիզմում, մարդուց մարդ է փոխանցվում, եթե առանց դիմակ ես»: Ինֆորմացիա կա, որ կորոնավիրուսի համար հատկացված հիվանդանոցները կրկին վերապրոֆիլավորվում են սովորական հիվանդանոցների: «ԱՀԿ-ն ասել է, որ սպասվում է վարակի երկրորդ ալիք, վերապրոֆիլավորում չասենք, չնայած հիմա մահճակալները նախկինի նման զբաղված չեն, սակայն այս փուլում դեռ չենք վերապրոֆիլացվի, որովհետեւ նաեւ բավականին ծախսատար է, բայց որպես պլան՝ քննարկվում է»: Այդ դեպքում ինչո՞ւ այդքան ծախս արեցիք, օրինակ, մարզահամալիրի վրա, փո՞ղ լվացիք։ «Ոչ, մարզահամալիրում ոչ մի բան արված չէ, ընդամենը հին կոյկեքը տարել-դրել ենք․ եթե ուշադիր նայեք, դրանք ՊՆ-ի հին կոյկաներն են, առողջապահական որեւէ պարագա չկա»: Բա ինչո՞ւ էիք ՊՆ «կոյկաները» տանում, նկարները պտտում համացանցում, որ վախեցնեի՞ք բնակչությանը։ «Ես չգիտեմ»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին լուրջ ու շատերի համար անսպասել կտրուկ զարգացումներ տեղի ունեցան Ամուլսարի շուրջ։ Ինչպես հայտնի է, մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանքի շուրջ ստեղծված անհասկանալի ու հակասական իրավիճակի հետ կապված պետք է հստակեցումներ իրականացնել։ Հիմա հենց հստակեցումների առումով խնդիրներ ունի իր իշխանությունը: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Ամուլսարում ընթացող գործընթացները նախապես ամբողջովին համաձայնեցված են իշխանությունների հետ, ավելին՝ ամեն ինչ ընթանում է նախապես մշակված ծրագրով։ Ըստ էության, կառավարությունը անցած երկու տարվա ընթացքում չկարողացավ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի չցանկացավ կարգավորել հանքի շուրջ ստեղծված իրադրությունը եւ հարցի հետ կապված հստակեցումներ մտցնել։ Մեր տեղեկություններով, Փաշինյանի թիմը նման քայլի է գնացել, քանի որ այլ պարագայում կա՛մ պետք է սեփական արժեքներին դավաճանեին՝ իրենց վարկանիշը իսպառ հողին հավասարեցնելու, գուցե նաեւ իշխանությունը վտանգելու գնով, կա՛մ վերահաստատելով, որ որոշողը ժողովուրդն է, նմանօրինակ զարգացումներ ապահովեին։ Ըստ մեր աղբյուրների, փաստացի «կանաչ լույս» է վառված «Լիդիանի» համար՝ հանքը շահագործելու առումով, սակայն դա ուղղակիորեն չի հայտարարվում, այլ որոշակի քայլերի հերթականություն է «գծված»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, եւ հետեւանքներն արդեն նկատելի են: Մասնավորաբար, այս օրերին վարորդներն արձանագրում են, որ այս թանկացումն իրենց զգացնել է տվել գազալցակայաններում, ուր սեղմված գազի գինը բարձրացել է մոտ տասը տոկոսով: Մյուս կողմից՝ որոշակի բացասական ազդակներ են ստացվում նաեւ այլ ապրանքների թանկացման առումով: Տնտեսագետները նշում են, որ գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն: «Որքան էլ ասեն, թե որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միեւնույն է, ավելի կարեւոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետեւ ապրանքների սպառողը բնակիչն է»,- իր հերթին մեզ հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ-ն ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ Արարատի մարզի Լուսառատ համայնքի (7,576 հա) «Մայրաքաղաք Արտաշատ» և Հնաբերդ համայնքի (12.72126 հա) «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցներ ստեղծելու մասին: Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրել է հայոց թագավոր Արտաշեսը մ.թ.ա. 180-170թթ., իսկ Դվինը հիմնադրվել է մ.թ. 4-րդ դարում»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության համար միայն տնտեսական ու բնապահպանական նշանակություն չէ, որ ունի: Լինելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը՝ ջրային այս շտեմարանը մեզ համար նաեւ գեոքաղաքական մեծ նշանակություն ունի: Եվ, ի դեպ, Սեւանա լիճը միայն Հայաստանի համար չէ անհրաժեշտ իր դերով: Լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որ նաեւ կլիմայագոյացնող կարեւոր դերակատարում ունի՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Զուր չէ, որ Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է: Սեւանա լիճն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Հիմա շրջակա միջավայրի նախարարությունը մի փաստաթուղթ է մշակել՝ «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները»: Այն այժմ քննարկման փուլում է, շտկումներ դեռ կլինեն: Այս պահի դրությամբ, ինչպես «ՀՀ»-ն տեղեկացավ ՇՄ նախարարությունից, հաշվի առնելով վերջին շրջանում Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարեւորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են հիմնախնդիրների երկու խումբ՝ քանակական եւ որակական։ Նախանշվել են նաեւ այդ հիմնախնդիրների կարգավորման քայլերը: Դրանք քանակական մասով 4-ն են, իսկ որակականի մասով՝ 7-ը: Ի՞նչ են ենթադրում այս քայլերը…»: