VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տեւական ժամանակ է՝ հարուցված են: Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին եւ այլոց առնչվող գործերին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում եւ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչո՞ւ եք ուզում վերացնել, ազգը լուրջ խնդիրներ ունի, դուք ընկել եք ԲՀԿ-ի հետեւից»։ Մենք չենք ընկել, պարոն Ղուկասյան, այլ՝ իշխանությունը։ «Ես էլ բոլորի համար եմ ասում»։ Ապա հավելեց․ «Թավշյա հեղափոխություն է, չէ՞, եկեք լավ ապրենք։ Էդ ադրբեջանցին որ լռել է, հենց էնպես չի, թուրքի հետ մի բան մտածում է, դուք դրա մասին մտածեք, թե չէ մենք նույն լեզվով խոսող մարդիկ ենք»։ Հիմա բացառո՞ւմ եք, որ դուրս կգաք ԲՀԿ-ից, եթե քրեական գործերով Ձեզ ճնշեն։ «Ինձ չե՞ք ճանաչում, չգիտե՞ք ես ով եմ․․․ ինձ ճանաչում են։ Քրեական գործերն էլ իմ մոտ չեն, ուրիշի մոտ փնտրեք»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հետ կանչել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է ԲՀԿ քվոտայով, սակայն օրերս դուրս է եկել խմբակցությունից: ԲՀԿ-ն պատրաստվում է Բագրատյանի փոխարեն առաջադրել Արթուր Գրիգորյանի թեկնածությունը, ով թեև այդ հանձնաժողովի անդամ չէ, սակայն կարող է անդամակցել»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջ օգոստոս ամսին պատրաստվում է տնից աշխատել: Մեր աղբյուրի խոսքով՝ Մարությանը շատ է աշխատել եւ հիմա ցանկանում է հանգստանալ: Թե ինչից է Մարությանն այդքան հոգնել, եւ ի՞նչն է նրա այդօրինակ որոշման պատճառը, մեր աղբյուրին պարզել չի հաջողվել: Փաստորեն ևս մեկ ամիս մայրաքաղաքն անտերության կմատնվի: Բայց չմոռանանք, որ վերջին մի քանի ամիսներին Մարությանը գրեթե միշտ էլ տնից էր աշխատում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ չի բացառվում իրեն մինչեւ երկուշաբթի նշանակեն նախարար: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կարգավիճակից բխող իմ պարտականությունները»: Մեր այն հարցին՝ առաջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտոնապես չկա, եւ ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»: Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացումներ կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում: Պատգամավորներն առաջարկում են Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ստացած անձանց տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն համապատասխանաբար՝ 3, 2, 1 միլիոն դրամի չափով, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 5 միլիոն դրամի չափով: Նախագիծը ներառում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության այլ միջոցներ ևս»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այս փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել սահմանի հսկողության համար «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»: Ըստ էության, Հայաստանի Զինված ուժերը նման գործողություններ իրականացրել է նաև մինչև նման օրենսդրական փոփոխության իրականացումը, սակայն հիմա դա կլինի օրենքի շրջանակում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաստեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի: Հիշեցնենք, որ վերջին օրերին այսօրինակ դեպքերն այնքան շատ են, որ զարմանալն անիմաստ է: Իսկ իշխանությունները շարքային քաղաքացիների խնջույքներին վայիս լինելու համար պատրաստ են ամեն ինչի»:
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով: Հավանաբար, Հայկ Սարգսյանի հյուրերն ավելի հոգեհարազատ են եղել իրեն: Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է եղել վերոնշյալ հավաքույթից: Այնպես որ, Հայկ Սարգսյանի արդարացումները տեղին չեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմբակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցի հետ կապված քննարկումը կարճ է տեւել, եւ իշխանական պատգամավորները շատ հարցեր չեն ուղղել Գրիգորյանին: Ընդամենը մի քանի հարցեր են հնչել տարբեր երկրների հետ մեր փոխհարաբերությունների, լարվածության մասին, որին Արմեն Գրիգորյանը կարճ պատասխաններ է տվել: Այնուհետեւ՝ նիստի ժամանակ, իմքայլականները անցում են կատարել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցին, որն, ի դեպ, առաջիկա օրերին պետք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում ունենա, մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ պետք է ամեն ինչ անել` Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները դժգոհ են Ավետիսյանից, ու հատկապես իր դժգոհությունն է հայտնում «Հայ ազգային կոնգրես»-ի թեւը, ու, նրանց կարծիքով, Ավետիսյանը ինքնակամ պետք է հրաժարվի եւ չգա խորհրդարան: Նույն աղբյուրների համաձայն՝ իմքայլականների շրջանում, բացառությամբ մի քանի հոգու, «մահակներով» սպասում են Ավետիսյանի հետ հանդիպմանը, որպեսզի ամեն գնով հասնեն նրան, որ Ավետիսյանը հայտարարի, թե ինքը չի ցանկանում կառավարության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն լինել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը չի պարփակվել իր տանը, մեր տեղեկություններով՝ նա վերջին շաբաթներին արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով։ Մտադիր է հասարակական ակտիվություն դրսեւորել։ «Ուշի-ուշով հետեւում է նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասաց նախկին նախագահի մերձավորներից մեկը։ Իսկ քաղաքական կյանքն այլեւս չի՞ գրավում նրան։ «Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»։ Նշենք նաեւ, որ օրերս Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս Արցախ էր մեկնել անձնական նպատակներով, այնտեղ այցելել է հայրական օջախ, ընկերական հանդիպումներ է ունեցել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակիչի, Արշավիր Ղարամյանի եւ այլոց մասնակցությամբ, զրուցել է Արցախի շուրջ եւ տարածաշրջանային զարգացումներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել: Նախարարի՝ մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց որոշումներն անգամ իշխող խմբակցությունում ընկալելի չեն: Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա եւ որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաեւ գործադիրին, բայց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինս վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է եւ կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից: Անգամ կրթական համակարգի ներսում ծագած խնդիրների պարագայում վարչապետն Արայիկ Հարությունյանի կողմն է բռնում։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի վարչական բողոքի հիման վրա վարույթ է սկսել Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ, որը Գալոյանի դոկտորականը որակազրկել է: Ավելին, նախարարության մեր աղբյուրների համոզմամբ՝ հնարավոր է չեղարկվի ԲՈԿ որոշումը Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ էլ լուրջ հակասություններ կան»:
«Փաստ» թերթը գրում է. «Համավարակով պայմանավորված՝ ՀՀ տարածքում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն չորս ամիս, եւ բնական է, որ դա հանրության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, հատկապես դիմակների պարտադիր կրման մասով։ Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության հերթական ժամկետը։ Երեկ լրատվամիջոցների հարցին ի պատասխան, վարչապետի մամուլի քարտուղարն ասել է, թե «քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Այնպես որ, այստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրը փոխանցել է, սակայն, որ իշխանության թիմում քիչ չեն նրանք, որոնք կողմնակից են արտակարգ դրությունը օգոստոսին հերթական անգամ երկարացնելուն: Սակայն այս պահի դրությամբ հիմնական մոտեցումն այն է, որ մինչեւ օգոստոսի 12-ը հասցնեն օրենսդրական այնպիսի փոփոխություններ անել, որ կարողանան առանց արտակարգ դրության երկարացման ունենալ համապատասխան լծակներ համավարակի դեմ պայքարի եւ պարտադրող մեխանիզմների համար, ինչի մասին, ի դեպ, որոշ ժամանակ առաջ նշել էր նաեւ վարչապետը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստ է, որ առնվազն մեկ արտահերթ օգոստոսին դեռ սպասվում է: Այնպես որ, խորհրդարանականների արձակուրդը լիարժեք չի լինի»:
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է: Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր «հանցանքներում», նույնիսկ սովորույթի ուժով վիրավորանքներ հասցնել ու անվանարկել, իսկ զուգահեռ «եփած ճաշում» մասնակի փոփոխություններ անել, այդուամենայնիվ, քննադատության քանակը դրանից ամենեւին չի նվազում: Մասնավորաբար «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը, խոսելով կրթական չափորոշիչների մասին, նշում է. «Սա միայն տգիտության արդյունք չէ: Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսեւորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում եւս կառավարման խնդիր կա, անհերքելի է»: Գրող հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ թերթի հետ զրույցում նշեց, որ «երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երեւում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է»: «Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է»,-ասում է Սարգսյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նկատո՞ւմ եք` «Լիդիանը» խիստ ակտիվացրել է փիառ-կոմպոնենտը, նկարահանված ռոլիկները, որոնք արձանագրում են, որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրին պատճառելիք ռիսկերը խիստ կառավարելի են, պտտվում են նոն-ստոպ ռեժիմով. թերեւս նկատել եք նաեւ, որ քաղակտիվիստները, այսպես ասած` սորոսականները, դրսի հրահանգով հետ են քաշվել, մնացել է տեղացի պայքարողների փոքր խումբը` Ջերմուկից ու Գնդեվազից, որոնք ցայտնոտի մեջ են»,- ասաց մեր աղբյուրը: Որքա՞ն ժամանակ է, ինչ սորոսականները հետ են քաշվել։ «Մոտ 15 օր կլինի»: Ինչո՞ւ։ «Իշխանությունների հետ դրսի ինվեստորները վերջնական «իտոգի» են եկել հանքը շահագործելու հարցում․ իշխանությունն ասել է` մենք դեմ չենք, դուրս մղեք ակտիվիստներին, նախորդ գիշերվա դեպքերը դրա «ապրոբացիան» էին՝ «Լիդիանը» փորձեց իր աշխատողներին մտցնել տարածք, ոստիկանները եկան-կանգնեցին մեջտեղը։ Փորձեր էլի կլինեն, ընդ որում՝ դարձյալ գիշերով»: Կարո՞ղ է հանգեն բախումների: «Չգիտեմ, կարծում եմ` ամեն գնով բացելու են»: Ո՞վ է շահում դրանից՝ նախագահ Արմեն Սարգսյա՞նը։ «Չեմ կարծում»։ Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների շահը։ «Բյուջեն դատարկ է՝ «Լիդիանը» լուրջ հարկեր մուծող ընկերություն է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն միասնական մոտեցում: Այսպիսով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին եւ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, եւ որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու: Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու դրույթը: Սակայն մեր տեղեկություններով այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, եւ շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ վերանայվելու են նաեւ հանրապետության նախագահի լիազորությունները, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը դժգոհել էր իր սակավ լիազորություններից, սակայն հանձնաժողովը դեռ չի որոշել՝ ինչ են ավելացնելու նախագահի լիազորություններում: Այս որոշումները մասնագիտական հանձնաժողովի անդամները հեշտությամբ են կատարել, սակայն, մեր տեղեկություններով՝ նրանք չեն կարողանում համաձայնության հասնել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ: Եվ վիճահարույց է հատկապես Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Սա էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն տեղեկացանք, որ քննարկումների արդյունքում կարծիքները տարբեր են եղել: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին ևս դանդաղ, բայց հետևողականորեն դուրս է գալիս կարանտինային ռեժիմից: Եկեղեցու առանձին թեմերում արդեն իրականացվում են կիրակնօրյա պատարագներ, որոնք բաց են հավատացյալների համար: Հիշեցնենք, որ մինչ այդ եկեղեցին պատարագներն անցկացնում էր փակ դռների հետևում»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմական բախման ծանրության կենտրոնը Արցախից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարթություն, ակնհայտ դարձան Թուրքիայի եւ Ադրբեջանի բավականին հեռուն գնացող նկրտումները։ Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ արդյունքի չի հասել բանակցային գործընթացի շրջանակներում, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են ընդհանրապես ձերբազատվել այս ձեւաչափից։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու նպատակով էլ սադրիչ գործողություններն իրականացվեցին ՀՀ Տավուշի մարզի, այլ ոչ թե Արցախի ուղղությամբ։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրա համար նրանք բախումներ են սկսել ոչ թե Արցախ-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան-Արցախ ուղղությամբ, այլ երկու միջազգային իրավունքի սուբյեկտների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այստեղ արտահայտվում է նաեւ Թուրքիայի ցանկությունը դուրս մղելու տարածաշրջանից մյուս երկու մասնակիցներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, եւ ճակատ առ ճակատ գործ ունենալ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է հնարավորինս ամեն ինչ անի բարձրացնելու իր արտաքին քաղաքականությունն այն մակարդակին, որի վրա գտնվում է այսօր մեր ռազմական իրողությունը…»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս 23.4 տոկսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետեւանքով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, եւ մարտ-ապրիլ ամիսներին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Թեեւ հիմա հագուստի, կոշիկի եւ տնտեսական ապրանքների խանութները բաց են, բայց առեւտրի ծավալները նախկինի նման չեն, դրանք բավականին նվազել են: Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով: Սա նույնպես կապված է կորոնավիրուսի հետ»: