Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 30-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%:
2016 թվականի փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ ամսվա վերջին կազմել է -1.7%: Ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ: Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները եւ միջազգային ապրանքային շուկաներում ձեւավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում եւ ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռեւս պահպանվում է ցածր մակարդակում:
Միեւնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի եւ արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետեւաբար, ձեւավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային եւ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը եւ գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:
Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում եւս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը: Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.75%եւ 6.75%: