Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել. պաշտպան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։
Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,- գրել է Մինասյանը։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրցած միջնորդությունը:
Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։
Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը՝ Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր գործը համարում է «անհիմն և շինծու»։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդության քննությունը տևել է երեք օր։