24.11.2024
Իշխանությունը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ ԸՕ-ի շուրջ
prev Նախորդ նորություն

Forbes- 2016. Ամենահարուստ հայերի ցուցակը գլխավորել է Սամվել Կարապետյանը

Ըստ Forbes-ի տվյալների, 2016 թվականին աշխարհի միլիարդատերերի ցանկում ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր գրուպ» հոլդինիգի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար (վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 549-րդ տեղը):

«Տաշիր գրուպ» հոլդինգն իր մեջ ներառում է 33 առեւտրային կենտրոն, 4 գրասենյակային համալիր եւ 8 հյուրանոց Ռուսաստանի տարածքում: 2015-ին հոլդինգը միայն տարածքների վարձակալությունից 610 մլն դոլար է ստացել: Ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը շարունակում է անշարժ գույք գնել: Այժմ նա կենտրոնացել է Մոսկվայի վրա, որտեղ նախատեսում է 800 մլն դոլար ներդնել մոտ 140 մլն քառակուսի ֆուտ բնակելի, առեւտրային եւ գրասենյակային տարածքների համար: 2015-ին «Տաշիրը» «Ինտեր ՌԱՕ»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը 2,2 մլրդ դոլար է (810-րդ հորիզոնական): Այժմ Էռնեկյանը եւ գործընկերներն ավելի քան 50 օդանավակայաններ ունեն տարբեր երկրներում, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2 մլրդ դոլար: Նրա Corporacion America հոլդինգը ներառում է մոտ 105 հազար հեկտար գյուղատնտեսական տարածք, ինչպես նաեւ չիպերի արտադրության Unitec Blue ընկերությունը, բիովառելիքի գործարանը, գինու գործարան Հայաստանում: Էռնեկյանը Արգենտինայի նավթագազային ոլորտում ներդրումներ է կատարում:

Դանիիլ Խաչատուրովի կարողությունը 1,46 մլրդ դոլար է (1275-րդ հորիզոնական): Նրա «Ռոսգոսստրախ» ընկերությունը խոշորագույն ապահովագրական ընկերությունն է Ռուսաստանում, որի շրջանառությունը 2,4 մլրդ դոլար է, թեեւ 2015-ին Ռուսաստանի ԿԲ-ն 15 օրով հետ էր կանչել ընկերության լիցենզիան՝ հաճախորդներից 2,3 հազար բողոքների հիման վրա, փոխանցում է forbes.ru կայքը: