Ռոհանին և Համենեին Իրանի տնտեսության առջև տարբեր նպատարներ են դրել
Իրանի աշխարհիկ և հոգևոր կյանքի առաջնորդները՝ նախագահ Հասան Ռոհանին և այաթոլլա Ալի Համենեին, տրամագծորեն տարբերվող պատկերացումներ ունեն երկրի տնտեսության զարգացման հարցում, հատկապես «վեցնյակի» հետ միջուկային համաձայնագրի կնքման արդյունքում Իրանի դեմ կիրառած պատժամիջոցների չեղարկումից հետո, հայտնում է Reuters-ը:
Հասան Ռոհանին և Ալի Համենեին համակարծիք են մի հարցում, որ այս տարի Իրանի իշխանությունների համար պետք է առաջնային լինի տնտեսությունը: Սակայն Ռոհանին, ով զբաղեցնում է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնը 2013 թվականից, տնտեսության համար օգտակար է համարում այլ երկրների, այդ թվում Արևմուտքի հետ համագործակցությունը: «Վստահ եմ, որ երկրի ներսում ջանքերի համատեղումը և աշխարհի հետ կոռուցողական համագործակցությունը թույլ կտա մեր տնտեսությանը զարգանալ և բարգավաճել», - հայտարարել է Ռոհանին՝ հավելելով, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ունի լավ հնարավորություններ այլ երկրներից ներդրողներ ներգրավելու համար:
Միեւնույն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը, ով համարվում է բարձրագույն իշխանության կրողը, տարին հայտարարել է որպես «տնտեսական դիմադրության» ժամանակահատված: Նրա խոսքով, երկրի տնտեսությունը պետք է լինի ինքնաբավ, ավելին՝ Իսլամական Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի արտաքին գործոնների, առաջին հերթին ԱՄՆ տնտեսության ազդեցությունը նվազեցնելու համար: Ըստ Ալի Համենեի, երկրի տնտեսությունը միջազգային գործարար-պատվիրակությունների այցից ոչինչ չշահեց: Նա կտրականապես դեմ է Իրանում «արևմտյան ազդեցության» ուժեղացմանը:
Հատկանշական է, որ Իրանում փետրվարին անցկացված խորհրդարանական ընտրութուններին Ռոհանիի, այն է՝ բարեփոխումների կողմնակիցները, հաղթանակ տարան: «Փորձագետների խորհրդում» նրանց է պատկանում Թեհրանին հատկացված 16 տեղերից 15-ը: Սա կառույց է, որն ուղղակի ազդեցություն ունի երկրի հոգևոր ղեկավարի ընտրության վրա: Բարեփոխումների կողմնակիցները նաև ստացել են Խորհրդարանում մայրաքաղաքային տարածաշրջանից ընտրված պատգամավորների տեղերի մեծամասնությունը: Բարեփոխումների բլոկի կողմնակիցները համախմբվել են նախագահ Ռոհանիի և Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի շուրջ: