Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ուղիղ դիմել Ադրբեջանի ժողովրդին:
Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իր տպավորությամբ Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ:
«Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում, շատ հետաքրքիր հնարավորություն է խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը քաղաքական էլիտայի համար կարող է լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ նաեւ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց», - ասաց վարչապետը՝ նկատելով, որ ժողովուրդների համար սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի:
Նրա գնահատմամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը ներքին վախերն են:
Նա նկատեց, որ երբեք չի բացառել ուղիղ խոսակցությունն Ադրբեջանի ժողովրդի հետ: «Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ: մենք պետք է իմանանք, որ այդ հնարավորություևնը մեր օրակարգում միշտ կա», - ասաց նա՝ հավելելով, որ 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում դրված է խաղաղության բովանդակությունը։
«Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի կողմից վարվող ռազմաշունչ հայտարարությունների քաղաքականության նպատակը վախ ներշնչելն է, որն արդյունք չի կարող տալ:
Նա խոսեց նաև Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունների պատճառների մասին: «Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի իր հանրությանը բացատրելու, որ այս 15 տարի ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ եւ դա է իրենց հայեցակարգը, բա ինչո՞ւ արդյունքի չեն հասնում», - ասաց նա: