Հայաստանը հանել է Իրանի հետ փոխադրումների «կորոնավիրուսային» սահմանափակումները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ, այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։