Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու հետագա ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին ոլորտների աշխուժացմանն ու զարգացմանը միտված հնարավորությունները, որոնց շուրջ հնչել են մի շարք առաջարկություններ ու գաղափարներ:
Կարևորելով կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունավետությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել քննարկումները, գալ միասնական տեսակետի և կառավարությանը ներկայացնել առարկայական նախաձեռնություններ: