Կորոնավիրուսի ցուցանիշները կայունանում են բավական բարձր նշաձողի վրա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 10-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց կրոնավիրուսային ցուցանիշների «թույլ կայունացման» մասին:
«Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդմ դեռ վերջնականապես չենք կարող արձանագրել, որ իրավիճակը կայունացել է։
Կայունացումը, ինչպես նշում է վարչապետը, տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա: «Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած ընդհանուր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար», - ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: «Եթե հնարավոր լինի պահպանել այս միտումը, ապա կլուծվի հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով, և անցում կկատարվի կորոնավիրուսի զրոյացման փուլին», - ասաց նա:
Վերջում նա կրկին կարևորեց հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը: «Սա է խնդիրները լուծելու հիմնական գործիքը մնում: Այժմ ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կրում է դիմակ և պահպանում է սահմանված հակահամաճարակային կանոնները», - նկատեց նա: