Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում հունիսի 8-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2019-ին պետական բյուջե հարկային եկամուտների ներհոսքի պատճառով հնարավոր եղավ ի սկազբանե նախատեսվածից 62 միլիարդ դրամով ավելի շատ միջոցներ ներգրավել:
Նրա խոսքով, 2019 թվականի համար պետական բյուջեի եկամուտների չափը 1 տրիլիոն 496 միլիարդ դրամ էր սահմանվել: «Հետագայում մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը վերանայվել է եւ կազմել 1 տրիլիոն 609 միլիարդ դրամ», - ասաց նախարարը՝ հավելելով, որ պետական բյուջեն փաստացի իրացվել է 1 տրիլիոն 565 միլիարդ դրամի չափով: «Ինչպես եւ ակնկալվում էր, բյուջեի եկամուտների հիմնական բաղադրիչը հարկային եկամուտներն էին՝ 93.5 տոկոս»,- նշեց Ջանջուղազյանը:
Տարբեր միջոցառումների իրականացման համար 1 տրիլիոն 402 միլիարդ դրամ էր նախատեսված, սակայն ՀՀ տնտեսության դրական միտումների պատճառով այդ ցուցանիշը վերանայվել է եւ կազմել 1 տրիլիոն 488 միլիարդ դրամ: «Հարկային եկամուտների փաստացի ծավալը 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ է կազմել»,- նկատեց Ջանջուղազյանը:
Նա հավելեց, որ 2019-ին կտրուկ աճել են հարկային եկամուտները: «Հարկային եկամուտների շնորհիվ հնարավոր է եղել 206 միլիարդ դրամով ավելի շատ միջոցներ ներգրավել պետական բյուջե, քան 2018-ին, ինչն ավել էր 16.4 տոկոսով», - ասաց նա:
Հարկային եկամուտների մասով, ինչպես նշեց նախարարը, զգալի մասնաբաժինը կազմել է ավելացված արժեքի հարկը՝ 506,5 միլիարդ դրամ: «Հաջորդն իր նշանակությամբ եւ չափով եկամտահարկն է, որից հասույթը մոտ 441 միլիարդ դրամ է կազմել, այնուհետեւ արդեն շահութահարկը՝ շուրջ 234 միլիարդ դրամ»,- ասաց Ջանջուղազյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի 2019-ի պետական բյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 490,6 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 642,2 միլիարդ դրամ։ Կառավարության պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 468 միլիոն դրամ, կամ ՀՆԱ–ի 53,4%։