Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի:
Նրա խոսքով, որքան էլ 2019 թվականը բյուջետային մուտքերի առումով պատմական էր, այդուհանդերձ «մենք չենք հավաքագրել այն պոտենցիալը, որ որն իրականում գոյություն ունի»: «Տարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելի լինել մինչեւ 400 մլրդ դրամի», - ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ բյուջեի մասին հին պատկերացումները չեն հաղթահարվել:
«Հին ընկալումը հետեւյալն է. բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, մեզ թալանեն, մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի այն, որ բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձեւավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասաց նա:
Վարչապետը կարծում է, որ հարկայի մուտքերի ապահովման պարագայում վարչարարությունը, կարգապահությունը շատ կարեւոր, բայց ոչ բավարար գործոն է: «Կարգապահությունը ոչ թե պետք է լինի ուժային հարկադրանքի արդյունք, չնայած ակնհայտ է, որ որոշ դեպքերում, այդ գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական առումով պետական ժողովրդի համար կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն»,-ասաց վարչապետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի 2019-ի պետական բյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 490,6 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 642,2 միլիարդ դրամ։ Կառավարության պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 468 միլիոն դրամ, կամ ՀՆԱ–ի 53,4%։