Լենա Նազարյանը երախտագիտություն է հայտնել վրաց ժողովրդին Հայաստանին աջակցելու համար
ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը իր երախտագիտությունն է հայտնել վրաց ժողովրդին համավարակի դժվարի օրերին Հայաստանին աջակցելու համար։
«Վրաստանի սիրելի գործընկերներ,
Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներին ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»,- գրել է Նազարյանը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Վրաստանում հրապարակվել է առցանց խնդրագիր, որի հեղինակները կառավարությանը կոչ են անում օգնել կորոնավիրուսային ճգնաժամում գտնվող Հայաստանին և Վրաստանի բուժհաստատություններում ընդունել Հայաստանի հիվանդ քաղաքացիներին: Խնդրագրին արդեն միացել են Վրաստանի ավելի քան 11 հազար քաղաքացիներ: