Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին 315 մլն դոլար բյուջետային վարկ, որը կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամի պայմաններում կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար: Այդ մասին այսօչր կառավարության նիստում հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին, որը դեռ պետք է գնա Սահմանադրական դատարան եւ Ազգային ժողով:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վարկայի միջոցների ստացման անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսի հարուցած բացասական տնտեսական հետևանքների պատճառով, երբ այս տարի համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել:
«Հետեւաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ մեր բյուջեի ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետեւաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի», - ասաց նա:
Համավարակը հաշվի առնելով, Ջանջուղազյանի խոսքով, մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտել են բանակցությունների հերթական փուլը, վերանայել ծրագիրն ԱՄՀ-ի հետ: «Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել: Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի համար, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն որպես բյուջետային աջակցության վարկ»,-ասաց նախարարը:
Պաշտոնյան նշեց, որ համաձայնագրի արդյունքում ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։
VERELQ-ը գրել էր, որ Հայաստանում ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը շեշտակի՝ -17,2 տոկոս անկում գրանցել: Ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման շեշտակի անկումը շատերի համար սպասելի էր, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կորոնվիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով մտցված արտակարգ դրության շրջանակում կիրառվեցին մի շարք սահմանափակումներ: Տնտեսության բազմաթիվ ոլորտներ ուղղակի կանգ էին առել:
Այպիսով, համաձայն պաշտոնական տվյալների, ապրիլ ամսին շինարարության ոլորտը կրճատվել է 51%-ով, առևտրի շրջանառությունը՝ 33%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16%-ով: Երկնիշ թվերով կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30%, իսկ ներմուծումը՝ 27,4%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 8,6%-ով:
Հատկանշական է, որ տնտեսության գրեթե տոտալ անկման պայմաններում ապրիլ ամսին աճ են գրանցել աշխատավարձները: Պետական հատվածում աճը կազմել է 5,1%, իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8%: