Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը, ընդհանուր մահերի թիվը հասել է 176-ի: Ծանր վիճակում է գտնվում 391 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, իսկ 15-ը միացված է թոքերի օդափոխության սարքերին: Այդ մասին կառավարության հունիսի 4-ի նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց նաև, որ նկատվում է վտանավոր միտում՝ նոր բռնկումներ են լինում արտադրական կոլեկտիվներում: «Փորձը ցույց է տալիս, որ դրանցից հետո լինում են մեծ բռնկումներ», - ասաց նախարարը՝ կարևորելով հակահամաճարակային միջոցառումների խստիվ պահպանումը նաև արտադրամասերում:
Թորոսյանի խոսքով, լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը։ «Արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 %-ը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն է մնում տանը։ Ամենօրյա ռեժիմով, գրեթե՝ ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա»,- հայտնեց առողջապահության նախարարը։
Վարչապետի հավաստմամբ՝ կառավարության խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգը իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին։
«Հիմա մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ՝ առողջապահական համակարգից դուրս։ Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման մասին է։ Մեր վերջին օրերի մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահվում, ընդ որում՝ ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ, և ցավով պետք է արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը, երեկվա արձանագրությամբ, մեր բանկային համակարգն է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք: Գրանցվել է 6 մահ և ևս 9 մահ, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։