Գործադիրը 2,17 մլրդ դրամ հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարաններով ապահովմանը
Հայաստանի կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել նախագծին, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը:
Մասնավորապես, նախատեսվում է ԲԳՎ-ների տրամադրման միջոցով 2 169 750 հազար դրամ ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր նորք, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:
Նշվեց, որ նախորդ փուլում 1.5 մլրդ դրամ հատկացվել է Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նույն խնդրի լուծման համար: Նախորդ որոշմամբ` 112, իսկ այս որոշմամբ` 185 ընտանիքների բնակապահովման համար: Արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ նախատեսվում է երկարաձգել ԲԳՎ-ների համար սահմանված ժամկետը 2020թ. մարտի 16-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածով, քանի որ տեղաշարժման սահմանափակումները անձանց տեղափոխման համար անհաղթահարելի ուժ են հանդիսացել:
Ընտանիքներին տրվող գումարի չափը տարբեր է` կախված ընտանիքի անդամների թվից ու բնակարանի մակերեսից: