23.11.2024
Նախագահի պաշտոնամուտի արարողությունը չի կարող չանցկացվել. պարզաբանում
prev Նախորդ նորություն

Հայաստանը 2008 թվականից ի վեր ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը. փորձագետ

2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որոնք խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ակնհայտ է, որ 2020 թվականը ճգնաժամային է լինելու բոլոր երկրների համար, և մեր իշխանությունների այն տեսական պնդումները, որ Հայաստանը կարող է ճգնաժամի հնարավորությունից օգտվել, հօդս են ցնդում։


Եվ այսպես՝ 2020 թվականի առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։ Մտահոգիչն այն է, որ այս աճը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը (+5,8 տոկոս), որը մեծ վնասներ է կրում և շարունակելու է կրել այս տարվա ընթացքում, մասնավորապես՝ զբոսաշրջությունը, ավտոմեքենաների վաճառքը և այլն։ Սպառմանը մեծ վնաս կհասցնի նաև տրանսֆերների էական կրճատում։


Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019 թվականի ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։ Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։ Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։


Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։ Ի դեպ, 2019 թվականի ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։


Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդամենը 2,1 տոկոսով, ինչը օրինաչափ է՝ նկատի ունելով, որ 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը գրանցել էր աննախադեպ աճ՝ սահմանափակելով հաջորդ սերունդների արդյունահանման հնարավորությունները։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին հանքահումքային արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ ավելացել է ավելի քան 4 տոկոսով։ Ներկայումս իրավիճակը լրիվ այլ է, քանի որ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները կտրուկ անկում են գրանցել։ Իսկ 2020 թվականին սպասվող վերամշակման ոլորտի աճը (ծխախոտ, սնունդ, ոսկերչություն) չի կարող փոխհատուցել հանքարդյունաբերության կողմից ապահովվող արտարժութային հոսքերը։


Այս միտումների պահպանվելու դեպքում՝ միանշանակ կարելի է կանխատեսել, որ 2020 թվականին Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը 2008 թվականից ի վեր, որի ամողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը՝ առաջին հերթին տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Իսկ ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու քայլերի մասին բազմիցս խոսել եմ հիմնավորումներով։ Եվ որ ամենակարևորն է՝ այս իրավիճակում կառավարությունը ճիշտ ազդակներ, օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն պետք է փոխանցի հանրությանը։