Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է. ՄԻՊ-ը պաշտպանեց Տաթևիկ Ռևազյանին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հասցեին հնչեցրած ատելության խոսքը:
«Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։
Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը», - ասված է Թաթոյանի գրառման մեջ։
ՄԻՊ-ի կարծիքով, նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։
«Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։ Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ», - նշում է մարդու իրավունքների պաշտպանը։
Ավելի վաղ Դանիայում գտնվող Հայաստանի քաղաքացիական կոմիտեի նախագահ Տաևիկ Ռևազյանը Facebook-յան իր էջում տեղադրել էր նորածին դստեր հետ լուսանկարներ: Facebook-ի օգտատերերից մեկը գրառում էր արել, որտեղ հայհոյանքների տարափ էր տեղացել քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին:
Ռևազյանը մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամների մոտ անցկացնելու համար։ Նա բազմիցս նշել է, որ Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում: