Համաճարակային իրավիճակով պայմանավորված Երևանի քաղաքապետարանն անորոշ ժամկետով դադարեցրել են մանկապարտեզներում նոր ընդունելությունները:
Այդ մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նրա խոսքով, այժմ մանկապարտեզներում նոր ընդունելությունների մասին այլ որոշում չկա: «Երբ կունենանք համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնենք հասարակությանը»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նկատեց, որ Երևանում մանկապարտեզները վերաբացվում են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով:
«Մենք առաջնահերություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերումով չեն կարող ապահովել նրանց խնամքը տանը և չունեն հնարավորություն իրենց աշխատանքն իրականացնել հեռավար տարբերակով: Առաջնահերություն են ունենալու մանկապարտեզ հաճախելու առումով այն երեխաները, որոնց ծնողներից աշխատանում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքից են», - նկատեց պաշտոնյան:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Երևանի 161 մանկապարտեզները թվով 31 հազար ծնողների նախնական հարցում են կատարել: «Պարզվել է, որ նրանցից մոտ 11 հազարը գտնվում է այս կարգավիճակում և ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ: Ուստի մշակվել են անվտանգության կանոնները՝ սկսած բակային տարածքների նշագրումից, որպեսզի պահվի սոցիալական հեռավորությունը», - ընդգծեց նա:
Փոխքաղաքապետը բացառեց ծնողների մուտքը մանկապարտեզ: «Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ: Երեխան ջերմաչափվում է նաև մանկապարտեզում օրվա ընթացքում, եթե երեխայի մոտ նկատվում է ջերմություն, ծնողին հորդորվում է հաջորդ օրը նրան մանկապարտեզ չբերել», - ասաց նա՝ հորդորելով ծնողներին ցուցաբերել համբերություն:
Մանկապարտեզներում գործելու են ութ հոգուց բաղկացած խմբեր, հրաժարվելու են այն խաղատեսակներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում: