Ի՞նչ աջակցություն կստանա Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց, թե այդ համագործակցության շրջանակում ինչ աջակցություն կստանա մեր երկիրը.
«Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։
Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն»,- հայտարարեց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած: