ՀՀ-ն 2019թ-ին գրանցել է ԵԱՏՄ-ում ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս
2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։Մասնավորապես, մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1 տոկոս կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:
Բացի այս, նշեց վարչապետը, 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։
«Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։