Կորոնավիրուսով 690 քաղաքացի թոքաբորբ ունի, 32-ը ծայրահեղ ծանր վիճակում են. նախարար
Կորոնավիրուսով հիվանդ պացիենտներից 690-ն ունեն թոքաբորբ, ծայրահեղ ծանր վիճակում` 32 հոգի, ծանր վիճակում` 65 հոգի, և 11 քաղաքացի թոքերի արհեստական շնչառության սարքերին է միացված: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ընդհանուր առմամբ թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծանրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը արդեն լավ ցուցանիշ է, նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դեռ դրանից ավելի չենք ունեցել, այսինքն` 11-ն ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը պարզաբանել է, որ լավ ցուցանիշ ասելով հասկանում ենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ֆոնդի բավարարելը, ինչպես նաև ծայրահեղ ծանր պացիենտների ելքի տոկոսը:
«Հաշվարկել ենք, թե ծայրահեղ ծանր պացիենտների քանի տոկոսն է առողջանում, քանի տոկոսն է, դժբախտաբար, մահանում: Այդ առումով էլ մենք բավական լավ ցուցանիշներ ունենք: Մեր 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել են, որովհետև ուրիշ ելք չկա ծայրահեղ ծանր վիճակից, ունենք 46 տոկոս մահացություն, 54 տոկոս` առողջացում, ինչը ես համարում եմ լավ ցուցանիշ»:
Նա նաև նշել է, որ այլևս չեն մեկուսացնելու քաղաքացիներին, բոլորին հանում են մեկուսացումից: Վերջին տվյալներով 934 մարդ է մեկուսացած: