23.11.2024
Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
prev Նախորդ նորություն

Վարչապետը բանկային գաղտնիք չի հրապարակել. Թունյան

Բանկային համակարգը կարող է ամփոփ թվով տեղեկանք ներկայացնել, թե պետության աջակցությունը ստացած անձանցից քանիսն ունի ավանդ ՝ առանց մարդկանց նույնականացնելու, և դա բանկային գաղտնիքի խախտում չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:


Լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառուների շրջանում կան մարդիկ, որոնք 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեն բանկերում, հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ, Թունյանը հավաստիացրեց՝ ոչ.


«Վարչապետի այդ խոսքից հետո սկսեցին արվել հայտարարություններ, թե Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, բանկային համակարգին վստահել չի կարելի: Որոշ դեպքերում դա արվում է ակնհայտ միտումնավոր, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն առաջանա, որ իշխանությունը զբաղված է բանկային գաղտնիքի մասին օրենքի խախտմամբ»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ շատերին իսկապես հետաքրքիր է, թե այդ ինչպես եղավ, որ պետությունն իմացավ՝ շահառուներից քանիսը ունեին 20 մլն դրամից կամ 1 մլրդ դրամից ավելի ավանդ: Սակայն այս հարցի պատասխանը, ըստ պատգամավորի, շատ պարզ է.

«Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, դրա հաշվիների շարժը, վերցրած վարկերի ծավալն իրոք հանդիսանում են բանկային գաղտնիք, և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ: Բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, ինչպես նաև լրագրողները կարող են հարցում անել և ստանալ: Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և ներկայացնել, որ x բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 հազար շահառու: Այն կարող է տեղեկանք ներկայացնել և ասել, թե այդ 30 հազար շահառուի մեջ քանի հոգի ունի 10 մլն դրամի ավանդ, քանի հոգի՝ 20 մլն դրամից ավելի ավանդ՝ առանց կոնկրետ ավանդատուներին նույնականացնելու, առանց մարդկանց հաշիվների շարժի մասին տեղեկացնելու: Դա ամփոփ տեղեկատվություն է, որը ԿԲ-ն պարբերաբար ավանդների, վարկային հաշվիների, վարկառուների վերաբերյալ տրամադրում է: Առանց նույնականացման՝ ավանդատուների թիվը, որոշակի տվյալներ ներկայացնելը ոչ միայն բանկային գաղտնիք չէ, այլ նաև անհրաժեշտ ինֆորմացիա է, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն մշակել և ճիշտ օրենք ընդունել»,- հավաստիացրեց Բաբկեն Թունյանը: