Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց այն մասին, թե ինչու Հայաստանում լուրջ չեն վերաբերում կորոնավիրուսային հիվանդությանը:
«Մարդիկ, երբ տեսնում են, որ կորոնավիրուս ախտորոշված մարդու մոտ սիմպտոմ չկա, ապա սկսում են դրան լուրջ չվերաբերել: Մարդիկ լուրջ են ընկալում, երբ այդ հվանդությամբ վարակվում է իրենց տարեց հարազատը», - ասաց Փաշինյանը՝ հավլելով, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուս ախտորոշված պացիենտների շուրջ 75%-ի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի:
Նրա խոսքով, մարտին ունեցել են հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում «մենք կունենայինք 10 հազար մահ»: «Մենք համոզված չէինք, որ այդ սցենարով կընթանա, հիմա էլ համոզված չենք դրանում», - ասել է վարչապետը:
«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման:
Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, եւս 70-ը գնման գործընթացում է:
Նրա խոսքով, պարետատունը հիմա քննարկում է՝ արդյո՞ք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակի կրման պարտադիր պայման:
«Այդ հարցը կքննարկվի ու որոշում կկայացվի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար: «Պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին, չօգտվել չախտահանված սպասքից», - ասաց նա: