24.11.2024
Հայաստանի համար կարևոր է Բեռլինի տեխնիկական օժանդակությունը. նախագահ
prev Նախորդ նորություն

Օսկանյան. Ընտրական օրենսգրքով մեծամասնականի տեղերը փաստացի ավելացել են

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն իր դիտարկումներն ու գնահատականներն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ "հիբրիդային", այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Ընդ որում, հավելում է նա, այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են:

"Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձևավորմանը: Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր և դժգոհություններ", - նշում է իր Ֆեյսբուքի էջում Օսկանյանը՝ հավելելով. "Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար":

Այնուհետև նա հանդես է գալիս մի շարք առաջրկներով: "Ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը (կարելի է հիմք ընդունել վրացական փորձը): Մտահոգիչ է նաև բազմատեսակ փաստաթղթերով և լրացուցիչ ցուցակներով քվեարկելու հնարավորության ընձեռումը: Մաքրել ընտրական ցուցակները և դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները", - նշում է նա:

Վարդան Օսկանյանը նաև առաջարկում է վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն: "Հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը: Քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիաներ կազմել և խորհրդարանի 2/3-ի ձայներով Սահմանադրության որոշ դրույթներ փոխել, խիստ կարևոր է յուրաքանչյուր մանդատի արժեքը, որը պետք է տրվի միմիայն ժողովրդի քվեով", - նշում է քաղաքական գործիչը և առաջարկում հանել նաև կոալիցիաների ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին:

"Չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը", - նշում է նա՝ ասելով, որ վիճելի այլ դրույթներ ևս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք խոցելի են դարձնում մեր քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները:

Նա կոչ է անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով: Նույնը առաջարկում է նաև միջազգային շրջանակներին. "Առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով":

Գրառման վերջում նա անդրադառնում է նաև ապագայում իր և իր համախոհների քաղաքական վարքագծին: "Իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը", - եզրափակում է նա: