«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ընկերության տնօրենին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` ընկերության հիմնադրի և տնօրենի կողմից, նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ:
Մասնավորապես պարզվել է, որ 2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարությամբ և հետագայում նաև` կառավարության նիստում ՀՀ նախկին վարչապետի առաջարկությամբ` 2016 թվականի նոյեմբերի 10-ին բանակցությունների արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը համաձայնվել է ընկերության 100 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին:
Ընկերությունը Երևան համայնքին նվիրատվությամբ հանձնելու ՀՀ նախկին նախագահի հորդորը իրականացնելու, միևնույն ժամանակ` սեփական ընկերությունում ներդրված գումարների դիմաց խարդախությամբ էապես ավելի գումարներ ստանալու, փաստացի ընկերությունը «նվիրաբերելու» փոխարեն վաճառելու նպատակով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերին, նախնական համաձայնության գալով ընկերության տնօրենի հետ` ընկերության սեփականատերը կազմել և ընկերության տնօրենի ստորագրմանն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող` 10.02.2013թ.-ի թվագրմամբ «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբրև պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով՝ սկսած 2013թ. հունիսի 18-ից, ինչի հետևանքով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ընկերության հանդեպ «ստանձնած պարտավորությունների» չափը արհեստականորեն ուռճացվել է:
Հետագայում արդեն, Երևան համայնքի ենթակայությանն անցած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ ընկերության նախկին բաժնետիրոջ և տնօրենի հանցավոր գործողությունների արդյունքում արհեստականորեն ուռճացված, պարտավորության մարման նպատակով Երևան քաղաքի ավագանու` 30.05.2017թ. որոշմամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը ներգրավել է 3.300.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնք ուղղել է իբրև թե փոխառության գումարի մարմանը:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրենի և ընկերության միակ բաժնետիրոջ հանցավոր գործողությունների արդյունքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար՝ ընկերությունում փոխառությամբ ստացված, իրականում առանց տոկոսի 2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ընկերությունը վճարել է 3.598.490 ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի 29.04.2020թ. որոշմամբ մերժվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ընկերության տնօրենի նկատմամբ որպես հիմնական խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 70.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ որպես կապակցված խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: