Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կապ չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարությանը, որում ասվում էր, որ Սերժ Սարգսյանի փեսա և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունեցել է բաժնեմաս և Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո այն փոխանցել է Վանեցյանին։
Վանեցյանն անդրադառնալով ԶՊՄԿ-ին իր առնչություններին՝ նշել է, որ «դա իր ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է»։
«Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»,- հայտարարել է Վանեցյանը՝ չմանրամասնելով, թե ումից ում է բաժնեմաս անցել։
VERELQ-ը հիշեցնում է, որ Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանն առ այն, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»: