Գավառի բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով կան տուժածներ, ոմանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Գվառում լրատվամիջոցների հետ զրույցում ապրիլի 29-ին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դատապարտելով բռնության դրսևորումը բժշկական կենտրնում:
«Մենք դատապարտում են բռնության դրսևորումը հատկապես բժշկական կենտրոնում, քանի որ տեղի ունեցածի հետևանքով վտանգվել է ոչ միայն այն մարդկանց կյանքը, որոնց հետևից մեր այլ հարյուրավոր քաղաքացիներ եկել են հաշիվներ պարզելու, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիների կյանքը: Նրանց կյանքն իրական վտանգի տակ է դրվել: Բարեբախտաբար վնասված սարքավորումներ չկան, որոնցով մարդկանց տարբեր առողջապահական ծառայություններ են մատուցվում», - ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով, ծանոթացել իրավիճակին:
«Հիվանդանոցի շենքի ներսում վնասվածքները փորձում ենք գնահատել և մոտակա օրերին արագ կվերականգնենք, որպեսզի բժշկական կենտրոնը վերադառնա իր նորմալ աշխատանքին», - ասաց նա:
Նախարարի խոսքով, հարձակումից տուժածների վիճակը գնահատվում է տարբեր աստիճանի: «Նրանք ստանում են համապատասխան բուժօգնություն, ոմանց կյանքին վտանգ է սպառնում», -ասաց նախարարը՝ չցանկանալով նշել տուժածների քանակը: Նա կրկին դատապարտեց բժշկական կենտրոնում տեղի ունեցած բռնությունը և հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը պատշաճ գնահատական կտա կատարվածին:
Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։