Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:
«Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները:
Այսպես՝ ամենօրյա ռեժիմով
• 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում:
• 24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից:
• 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:
• ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:
Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ,տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ:
Ուշադրություն. Շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի :
ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը»,- ասված է հաղորդագրությունում: