Ապրիլի 24-ը երկար տարիներ հայ ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել, և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա Ծիծեռնակաբերդից հղել է հղել՝ Ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ:
Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա ասել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։
«Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր», - ասել է վարչապետը:
Նա խոսել է նաև դաշնակիցների հետ հարաբերություների ու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման մասին:
«Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ներուժի համախմբմամբ», - ասել է նա:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, նկատել է վարչապետ, բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա այս տարի, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:
Նա շնորհակալություն է հայտնել «բոլոր հայրենակիցներին»՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: «Նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները», - ասել է վարչապետնում ու հավելել, որ ճգնաժամային այս իրավիճակում փորձել են գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն:
«Այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:
Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: