24.11.2024
Կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում. Մասիս Մայիլյան
prev Նախորդ նորություն

Պարետի որոշմամբ որոշ սահմանափակումներ վերացվել են

Արտակարգ դրության ռեժիմի պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։


«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը:


Նա նաև հայտնել է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝


Մշակող արդյունաբերության հատվածում՝


Պոլիգրաֆիական գործունեություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում


 Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝


Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ


 Տեղեկատվություն, կապ հատվածում՝


Գրքերի հրատարակություն
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում


Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը


Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում


 Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝


Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ։


 Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝


Արհեստակցական միությունների գործունեություն
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում։


«Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:


«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:


Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով»,- գրել է Ավինյանը: