Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին հայտարարության հասցեատերը դատարանն է եւ դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերվել այդ հայտարարությանը։
Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով եկեղեցու սպասավորների ու պետական որոշ պաշտոնյաների միջև հեռակա բանավեճը: «Ես կարծում եմ, որ մենք առնվազն նվազագույն հարգանք պետք է ունենանք պետական եւ հոգեւոր ինստիտուտների հանդեպ, եւ մեզ համար քննարկելի չէ վեհափառի դիմումը, կոչը», - ասաց նա։
Պատգամավորը կարծում է` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ սկսվել է «անմակարդակ արշավ», որը «կազմաքանդող գործողություն, եւ այն կասեցնել է պետք»: Ըստ նրա՝ զարմանալի է, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք չեն տեսնում ատելության այդ գեներացված դոզան հասարակության մեջ, չեն տեսնում, որ սա ուղղակի այն կարմիր գիծն է, որից անդին մենք ունենալու ենք իսկապես լուրջ խնդիրներ, կազմաքանդում։
Զոհրաբյանի պնդմամբ՝ չի կարելի որեւէ մեկին վիրավորել, ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել կոռեկտ, գրագետ։ «Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի, ուրիշ որեւէ արգումենտ չունի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նա ամենեւին դեմ չէ օրենսդրական այն լուծումներին, որ հիմա փորձում են գտնել ատելության խոսքի դեմ, բայց եւ մնում է իր այն վստահ համոզմանը, որ հնարավոր չի լինելու օրենսրդական որեւէ մեխանիզմով սա կարգավորել։
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ միանգամայն համակարծիք է իր գործընկերոջ հետ։ «Մենք ո՞ւր ենք գնում այսպես։ Գնում ենք նրան, որ քրիստոնեական, ընտանիքի արժեքները, այն, ինչ դարերով եկել է մեր պատմության ընթացքում, բերենք եւ մի վայրկյանում կոտրենք, գլխի վայր շուռ տա՞նք։ Իհարկե ոչ»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ մենք պետք է գնանք նրան, որ ՀՀ կառավարությունը կատարի իր պետականաշինական քաղաքականությունը, եկեղեցին էլ՝ իր քաղաքականությունը. չէ՞որ այդ բոլորը միտված է ժողովրդին ծառայելուն։ Նա պնդեց, որ պետք է չլինեն անձնական վիրավորանքներ։ «Ցանկացած քաղաքացի էլ չպետք է ենթարկվի անձնական վիրավորանքի, առավել եւս՝ ինստիտուցիոնալ բնույթ կրող կառույցները»,- եզրափակեց Մելքումյանը։