Բանկային համակարգը հայտնվել է ոչ պրոֆեսիոնալ քննադատության թիրախում. ՀԲՄ-ն անհանգստացած է
Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ստեղծված կրավիճակում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից:
Միությունից նշում են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի իրավիճակով պայմանավորված՝ «վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ»։
«Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։
Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և «վերլուծություններ» հնչեցնելուց», - ասված է հաղորդագրության մեջ։
ՀԲՄ-ն կոչ է անում քաղաքացիներին իրենց հուզող, անհրաժեշտ և որակյալ տեղեկատվությունը ստանալու համար լսել ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: «Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին»,-նշված է հայտարարությունում: