Մամուլի տեսություն. Ռուսաստանցի բանագնացները պահանջել են Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն
Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին: Մարտի 30-ին Մոսկվայից Երեւան ժամանած ՌԴ պետդումայի խոսնակ եւ Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը նույնպես այդ պահանջով դիմել է Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ ՀՀԿ ԳՄ նիստ չի հրավիրել: Նախատեսվում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ կքննարկվի այդ հարցը եւ կհստակեցվի ՀՀԿ դիրքորոշումը: Մեր ունեցած տեղեկություններով՝ լուրը խուճապի մեջ է գցել հատկապես ՀՀԿ երիտթեւի 40-ամյա ներկայացուցիչներին»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը) և Տոգոն (23.8 տոկոսը): Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որքան էլ իշխանությունները խաղարկում են սահմանադրական բարեփոխումների 2 նախագիծ, իրական նպատակն այն է, որ լայն կոնսոլիդացիայի մեջ ներառեն բոլոր՝ այդ թվում և խորհրդարանական ընդդիմադիր շերտին՝ 2 նախագիծն էլ հանելով քննարկման։ Հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ կլինի նախագահական մոդելին, սակայն կանցնի խորհրդարանականը, արդյունքում Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին «ցույց կտա-կապացուցի», որ ամեն բան խիստ ժողովրդավարության պայմաններում է ընթանում. քննարկում էիք ուզում՝ խնդրեմ: Բաց, ժողովրդավարական քննարկում է ընթանում, ով ուզում է՝ դեմ է արտահայտվում, ով կողմ է՝ առավել ևս ազատ է: Ապա կանցնի հաջորդ քայլին՝ սահմանադրական հանրաքվեին, ինչի առնչությամբ իշխանությունները կարծես շտապում են: Մեր տեղեկություններով, այն տեղի կունենա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է իրականացնել իր հեղափոխական ծրագիրը: Ո՞ր ուժերն են կանգնած կամ պատրաստ կանգնելու նրա կողքին: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 2-ին խորհրդի նիստ են անելու, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նաև այս հարցը կքննարկվի: Թեև իրենք էլ համաձայն չեն ժամկետի՝ ապրիլի 24-ի հետ, սակայն Հիմնադիր խորհրդարանին իրենց աջակցության հարցը դեռ պետք է քննարկման դրվի: «Ապրիլի 24-ի պարագայում մենք ունենք վերապահում, հայության համար այլ խորհուրդ ունի, իհարկե, պայքարն էլ կա, բայց դա ցավի հիշատակի օր է: Էն, ինչ որ իրենք ասում են, համամիտ ենք, բայց 24-ի առումով վերապահում ունենք»: Իսկ ապրիլի 24-ից հետո ինչպե՞ս կվարվեն, հավանակա՞ն են համարում իրենց սատարելը: «Հիմա դժվարանում եմ ասել, քանի դեռ հարցը չենք քննարկել»: