Մամուլի տեսություն. ԼՂ խորհրդարանի ընտրություններին մասնակցում է ողջ իշխանական համակարգը
Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի փուլը մեկնարկում է ապրիլի 1-ին: Ոչ, անշուշտ, թեման ծիծաղելի չէ, և Ծիծաղի օրվա հետ առնչությունն էլ պատահական է ստացվել, բայց զավեշտն այն է, որ ողջ իշխանական համակարգը ներգրավված է այս ընտրություններում: Ավելին՝ նրանք բոլորն այս օրերին արձակուրդի դիմումներ են գրել, որպեսզի չմեղադրվեն ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչական նպատակներով օգտագործելու մեջ: Արդյունքում, կարելի է ասել, Ղարաբաղում անիշխանության շրջան է սկսվում: Այսպես, պատգամավորի թեկնածու են առաջադրվել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, վարչապետի վերահսկողության ծառայության պետը. Աժ նախագահը, փոխնախագահը, նախագահի խորհրդականը, Ստեփանակերտի քաղաքապետը՝ իր տեղակալներով, համալսարանի ռեկտորը, մի քանի դեկաններ»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները խիստ զայրացել են ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ Աժ վերջին ճեպազրույցում արած այն հայտարարությունից, որից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար: Եվ չնայած Մհեր Շահգելդյանն այնուհնտ հերքել էր դա՝ ասելով, որ ինքը պատգամավորների նկատի չի ունեցել, ԲՀԿ-ից դուրս եկածները խիստ վրդովված են: Ինչպես ասաց մեզ հետ զրույցում նրանցից մեկը՝ «Ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան երբևէ կմտածեմ ՕԵԿ-ին անդամակցելու մասին»: Նշյալ զրույցին մասնակցող մի հանրապետական էլ կողքից ավելացրեց՝ ՕԵԿ-ին անդամակցելը ինքնին քաղաքական ինքնասպանություն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եւ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ:
«Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը որեւէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանին, որի հետեւանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական: Երկար ժամանակ Սուքիասյանն ընդհատակում մնաց, զրկվեց պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին: Ընկերությունը տևական ժամանակ է՝ վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այս խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը: Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն մասին, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին: Օրինակ՝ ՀՅԴ-ն, որն ի սկզբանե չի թաքցրել՝ կողմ է սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանը կիսանախագահականից անցում պետք է կատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց այսօր ոչ ոք չի կարող ասել՝ սահմանադրական փոփոխություններն, ի վերջո, ո՞ր ուղղությամբ են ընթանալու: