24.11.2024
«Վարդաշեն» ՔԿՀ 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
prev Նախորդ նորություն

Արսեն Թորոսյանը՝ ՀՀ-ում ու Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի տարբերության մասին

Հայաստանում ու Վրաստանում կիրառվում են հակաճգնաժամային գրեթե նույն մեխանիզմները: Երկրի սահմանները փակ են տուրիստական այցելությունների համար, ներսում տեղաշարժը սահմանափակված է: Թույլատրված են միայն բեռնափոխադրումները: Այս մասին կառավարության մամուլի սրահում ապրիլի 2-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Այս համատեքստում նա անդրադարձավ երկու պետություններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի շեշտակի տարբերությանը: Այսպես, եթե Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663 դեպք, ապա Վրաստանում վարակակիրների թիվը 130 է, որը հարցեր է առաջացնում հանրության շրջանում:


«Սա, նախ, մեր գործընկերների աշխատանքի արդյուքն է, որը պետք է բարձր գնահատել: Այստեղ նաև համաճարակաբանական հետքի ու պատահականության խնդիր կա: Երջանիկ պատահականությամբ նրանց մոտ, օրինակ, 500 հոգանոց արտադարամասում վարակ չի եղել: Դրա համար իրենց մոտ թվերը փոքր են: Հույս ունեմ այդպես էլ կշարունակվի մեր հարևան ու բարեկամ երկրում: Նաև հույս ունեմ, որ մենք ևս կկարողանանք պահել իրավիճակը եղած թվերի սահմանում», - ասաց նախարարը՝ նշելով, որ սա համազգային խնդիր է և «այն պետք է լուծենք միասնական ջանքերով»: «Մենք պետք է կարողանանք կոտրել աճի տեմպը և հարթեցնենք կորը, որպեսզի կարողանանք փրկել շատ կյանքեր», - ասաց նա:


Նրա խոսքով, Հայաստանում առողջապահական համակարգի նման ծավալում երևի տեղի է ունենում միայն պատերազմական իրավիճակների ժամանակ: «Այժմ մի շարք հիվանդանոցներ և բուժհաստատություններ արդեն հարմարացվել են կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացի կազմակերպման համար: Մահճակալներ են տեղադրվել Մարզահամերգային համալիրի նախասրահում: Հայաստանի մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ ու դահլիճներ, որոնք անհրաժետության դեպքում վերածվելու են միջին ծանրության պացիենտների բուժման համար հոսպիտալների», - ասաց Թորոսյանը:


Հայաստանը, նրա խոսքով, պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: «Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե նման սցենարներ չքննարկվեին: Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ, ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ հիվանդանոցներում ու մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտների բուժման համար: Հենց դրա համար է կարևոր բոլորի բարձր գիտակցությունը և պատասխանատվության զգացողությունը նման իրավիճակ թույլ չտալու համար: Բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես պատերազմի, ջրհեղեղի ու այլ արհավիրքների պարագայում», - ասաց Արսեն Թորոսյանը: