VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ։ Եվ նա Սերժ Սարգսյանի մոտ ջանք չի խնայում այդ պաշտոնը ստանալու համար։ Ի դեպ, Յոլյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Ս. Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, թե էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Եվ այդ խոսակցություններին զուգահեռ Յոլյանն ամեն ինչ անում է այդ աթոռին հասնելու համար։ Հիշեցնենք, որ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մարտիրոսյանի մահից հետո էլ նա ցանկանում էր այդ պաշտոնին նշանակվել։ Բայց երբ նախարար դարձավ Զախարյանը, ասում են, Յոլյանը խռովել էր Սերժ Սարգսյանից ու անգամ մի քանի ամիս ՎՊ գործի չէր գնում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, կառավարությունն օրենսգիրքն արդեն իսկ խորհրդարանում «շրջանառության» մեջ է դրել, եւ այն համապատասխան պաշտոնյաների սեղանին է. մարտի 1-ից պետք է մեկնարկեն եւ օրենսգրքի, եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում` ըստ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրի: Ի դեպ, Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ Հայաստանում գործելու են 13 ընտրատարածքներ. 9-ը` մարզերում, 4-ը` Երեւանում: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը դարձել են մեկ ընտրատարածք: Տարակուսելի չէ՞ դա, քանզի ինքնին Սյունիքի մարզը շատ մեծ է, եւ տրամաբանական էր Վայոց Ձորը միացնել իրեն ավելի մոտ գտնվող Արարատի մարզին, հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Որ երկար մտածես, կհասկանաս»: Խնդիրը, ի դեպ, բավականին պարզ է. օրենքը գրողները «համապատասխան» ցուցումով են դա արել, զի «վերեւներում» չեն վստահում Արարատի մարզը «նայողներին» ու Վայոց Ձորը վստահել են Լիսկային` Սուրեն Խաչատրյանին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Խոսրով Հարությունյանի որդին՝
Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար։ Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ երկու օր առաջ ստորագրած կոալիցիոն համաձայնագրի վերջում այսպիսի մի պարբերություն կա. «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»: Այդ ինչ տարաձայնություններ կարող են լինել, որոնք, օրինակ, ՀՅԴ-ին կստիպեն հրաժարվել ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: Այս հարցի պատասխանը «ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյանից: «Մենք այս փուլում ամեն ինչ արել ենք, որ հնարավոր տարաձայնությունների դաշտը փոքրացնենք, բայց կյանքը փոխվում է: Կարող է՝ տվյալ հարցի լուծման հետ կապված այնպիսի առաջարկներ բախվեն իրար, որոնք իսկապես անհամատեղելի լինեն, ամեն մեկը մնա իր սկզբունքային դիրքորոշումների վրա եւ առաջացնի արդեն անհնարինություն` կարեւորագույն ինչ-որ մի հարց համատեղ մարտավարությամբ առաջ տանելու խնդիրների հետ կապված»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ: Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում: Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին: «Ժողովուրդ»-ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան եւ խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը: Ըստ լուրերի՝ նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, եւ հնարավոր է՝ Օսկանյանը եւս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել: «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ: Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մոսինյանը: Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։ Մեր լրագրողը նիստից հետո մի փոքր զրուցել էր կրթության եւ գիտության նախարար
Լեւոն Մկրտչյանի հետ եւ տպավորված եկել․ «Կարծես նորմալ, համեստ մարդ է, ասաց՝ կադրային ջարդ չի լինի, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե բավարարեն՝ կաշխատենք բոլորի հետ»։ Չանցած 2 ժամ, պարզեցինք, որ այս «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ
Զոհրապ Եգանյանն այն քչերից է, որի հետ հեշտ է աշխատել ոչ միայն պետական-իշխանական լրագրողների, այլեւ ընդդիմադիր-ազատ մամուլի ներկայացուցիչների համար։ Եվ դա ոչ մի նշանակություն չունի, որ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նորմալ նախարարն առաջին հերթին պետք է ուզենար ակտիվ, աշխատունակ, լրագրողական համայնքի կողմից ընդունված, կոմպետենտ խոսնակ ունենալ։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացա, որ Լեւոն Մկրտչյանն իր նշանակվելուց հետո առաջին գործը, որ արել է, Եգանյանի դիմումն ընդունելն է եղել։ Վերջինս, որպես բարեկիրթ ու օրինապաշտ չինովնիկ, իր պարտքն է համարել դիմում ներկայացնել նոր նախարարին՝ հավանաբար հույս ունենալով, որ նախարարն իր խոսքին հավատարիմ կլինի, կպատռի դիմումն ու կուզենա աշխատել պրոֆեսիոնալ խոսնակի հետ։ Արդեն հասկանալի է, որ նոր նախարարների ամենասիրելի գործը լինելու է իրենց շրջապատին գործի տեղավորելը, յուրայիններով իրենց շրջապատելը, անարժան կադրերին, սրա-նրա պրոտեժեներին լավություն անելը, բայց գոնե թող փարիսեցիություն չանեն, չասեն, թե մեզ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուշագրի «Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը» խորագրի ներքո կարդում ենք. «Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը եւ ձեւավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու եւ արդյունավետ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգեր»։ Ի՞նչ է սա ենթադրում, երեկ հարցրինք հուշագիրն ստորագրած երկու կողմերի ներկայացուցիչներին, որոնք խորհրդարանում ողջ օրը հակադարձում էին կոնկրետության բացակայության մեջ իրենց հասցեագրված մեղադրանքներին, մյուս կողմից՝ չէին ցանկանում մանրամասնել, թե ինչ պարտավորությունների ու կատարվելիք փոփոխությունների մասին է խոսքը։ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարչատարածքային բաժանումների մասին կցկտուր տեղեկություն հայտնեց. «Պետք է վերանայվի մարզերի հետ կապված բաժանումները, ճիշտ սահմաններ պետք է մենք ունենանք, անցում կատարենք, արդեն կատարվում է, տեսնում եք՝ Գյումրի, Վանաձոր, նոր ձեւով ավագանու ձեւավորում, ապա ՏԻՄ ղեկավարի ընտրության կարգի փոփոխություն, ինչպես Երեւանում է»։ Ռուստամյանը կարծիք հայտնեց նաեւ, որ 900-ից ավելի համայնքները շատ են, պետք է կրճատել»: