ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ այսօր Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) ի գիտություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «համապետական ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու գործում՝ համաձայն այն սկզբունքների և տարրերի, որոնք հաստատվել են համանախագահների՝ 2019-ի մարտի 9-ի հայտարարությամբ: Սակայն համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ համանախագահող երկրներից ոչ մեկի, ոչ էլ որևէ այլ երկրի կողմից որպես անկախ և ինքնիշխան պետություն։
Համապատասխանաբար, համանախագահները չեն ճանաչում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող և ընդգծում են, որ դրանց արդյունքները որեւէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հասնելու շարունակվող բանակցությունների արդյունքը»:
Արցախում ավարտվել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7%-ը: Արցախում պաշտոնական տվյալներով ընտրողների ընդհանուր կազմում է 105 հազար 251։
Այժմ ընթանում է քվեաթրթիկների հաշվարկը, իսկ մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն ԿԸՀ-ն կամփոթի ընտրությունների նախնական արդյունքները:
Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել էին ժամը 08.00-ին, երբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: