24.11.2024
HSBC բանկը ևս տույժեր չի կիրառի վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում
prev Նախորդ նորություն

Գնաճ չի սպասվում, իսկ ֆինանսական շուկան կայուն է. ԿԲ-ն պատրաստ է ցանկացած սցենարի

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Կենտրոնական բանկը չի սպասում գների բարձրացում և մինչ այժմ արտարժույթ բաց չի թողել ֆինանսական շուկա: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հավելելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ևս չեն դիմել ԿԲ-ին լրացուղիչ իրացվելիության համար:


Այս պահին դոլարի փոխարժեքը մոտեցել է 500 դրամի շեմին, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այն 480 դրամ էր: Նավթի գների գահավիժմամբ պայմնավորված կտրուկ արժեզրկվում է ռուսական ռուբլու փոխարժեքը, որը Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի համար արտաքին շոկի աղբյուր է:


Ստեփանյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԿԲ խորհուրդը 0,25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույթը, այն դեպքում, երբ տարածաշրջանային պետությունները կա՛մ բարձրացնում են, կա՛մ անփոփոխ թողնում այդ ցուցանիշը:


«Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ էականորեն ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների, ինչպես նաև տնտեսության առանձին հատվածների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որը թույլ կտա կառավարությանն ավելի արդյունավետ իրականացնել նախատեսված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտներում», - ասաց ԿԲ խորհրդի անդամը:


Մյուս կողմից, նրա խոսքով 2015 թվականից մինչև հիմա Հայաստանում գրանցվում է բավականին ցածր գնաճ, ուստի այս քայլով հնարավորություն է տրվում հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայության նպատակը: «Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են և մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրեցինք», - նկատեց նա՝ վստահորեն պնդելով, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է «ցածր մակարդակի վրա»:


«Արտաքին աշխարհի զարգացումները և մեր կառավարության ուշադրությունն այս խնդրին թույլ են տալիս արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի հետ կապված», - ասաց նա ու խոսեց ֆինանսական համակարգի կայունության ապահովման մասին:


«ԿԲ-ն իր բոլոր միջոցառումներն ու գործողություններն ուղղում է նաև ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը: Սրա նպատակն է նաև տնտեսական ակտիվության պահպանումը», - նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԲ-ն հավատարիմ է մնում լողացող փոխարժեքին, ունի բավականին բարձր պահուստներ ու բազմաշերտ գործիքակազմ՝ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ձեռնպահ պահելու համար: «Դրանք (հնարավոր ցնցումները), կարծում եմ, տեղի չեն ունենա, համենայնդեպս այս պահին»,- ասաց նա՝ հիշեցնելով 2014 թվականի դեկտեմբերի իրադարձությունները, երբ դոլարի փոխարժեքն արտաքին շոկերի ազդեցության տակ մի քանի օրում անցավ 600 դրամը:


«Կենտրոնական բանկն այդ ժամանակ շատ հաջողությամբ դուրս եկավ շատ ավելի բարդ իրավիճակից, քան այսօր է», - ասաց նա՝ վերստին հիշեցնելով, որ ԿԲ-ն ունի ֆինանսական կայունության ապահովման բազմաշերտ նորմատիվային գործիքներ:


Այս պահին, նկատում է Ստեփանյանը, ֆինանսական շուկայի խաղացողները՝ բանկերն ու վարկային կազմակերպություններն, ունեն բարձր իրացվելիություն և որևէ մեկը չի դիմել ԿԲ-ին նոր միջոցներ ներգրավելու համար: «Դեռևս ոչ մի կազմակերպություն մեզ չի դիմել իրացվելիության խնդիրներով պայմանավորված, քանի որ համակարգն իրացվելի է, կապիտալիզացված ու ամուր: Նրանք գիտեն, որ իրացվելիություն կա և ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, նման գործողություններ կիրականացնի: Բացի այդ, ԿԲ-ն կարող է նաև որոշակի մեղմացումներ անել, որպեսզի բանկերին ևս հեշտ լինի առանց վնասների իրականացնել իրենց հաճախորդների հետ անհրաժետ գործողությունները», - ասաց պաշտոնյան:


Նա նկատեց, որ ԿԲ-ն մեղմացումներ կարող է անել մի քանի գործիքներով, խոսքն այդ թվում պարտադիր պահեստավորման սահմանաչափի մասին է: Ընդ որորում, նա հստակ չասաց, արդյոք կարող է վերանայվել ներկայում գործող սահմանաչափը, թե ոչ:


Արթուր Ստեփանյանը նաև նշեց, որ ԿԲ-ն թեժ գծի միջոցով օպերատիվ արձագանքում է նաև քաղաքացիների դիմումներին, որոնք ստեղծված իրավիճակում բարձրացնում են վարկերի վճարումների խնդիրը:


«Սկզբնական շրջանում օրական 400 զանգ էինք ստանում: Այժմ դրանք նվազել են: Նպատակն այն է, որպեսզի ֆինանսական շուկայի մասնակիցները իրենց հաճախորդների հետ կարողնան շատ օպերատիվ աշխատել, հաճախորդների համար անհաղթահարելի դարձած դժվարությունները կարգավորելու, նոր պայամանավորվածություններ ձեռք բերելու համար, որպեսզի քաղաքացիների վարկային բեռը կտրուկ չաճի ու իրենք չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»,- ասաց պաշտոնյան:


Վերջում նա կոչ արեց քաղաքացիներին շփումներից խուսափելու նպատակով վճարումներ կատարելիս օգտվել առցանց հնարավորություններից: