24.11.2024
Մամուլ. Արտակարգ դրություն՝ երկրորդ անգամ. ո՞րն է տարբերությունը 2008 թվականի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւր է Տարոն Մարգարյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ի տարբերություն իր կուսակիցների՝ Մարգարյանը հեղափոխությունից հետո աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ, չնայած պետք է նկատի ունենալ, որ քաղաքապետարանի գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ ևս չկան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Եվ վաղը կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ ոստիկանապետի մասով: Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը: Նկատենք, սակայն, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները և այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն, ինքնադրսևորվեն: Օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել՝ արդյոք վերոնշյալ պաշտոնյաները վերանշանակվելու են վաղը: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ չի կարող մեկնաբանել, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակվի պաշտոնապես: Մենք նաև հետաքրքրվեցինք` վաղը կլինի նշանակում, թե, արտակարգ դրությամբ պայմանավորված, այն, հնարավոր է, հետաձգվի, թեև ՀՀ օրենսդրությունը հետաձգում չի նախատեսում: Ի պատասխան՝ խոսնակը նշեց. «Իրավիճակը չի խանգարում, սակայն ինֆորմացիա չունեմ՝ կլինի նշանակում, թե ոչ»»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն մտցրեց, որի պայմաններում արգելվում են 20 հոգուց ավելի մարդու մասնակցությամբ հավաքները, սակայն հենց երեկ իրենք էլ խախտեցին իրենց սահմանած կարգը: Ցերեկը մոտ 50-60 լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաքել էին կառավարության նիստերի դահլիճում, որ մեզ բացատրեն, թե ինչ է նշանակում արտակարգ դրության, խոսքի ազատության սահմանափակման դրույթը, և ինչպես անենք, որ խուճապ չտարածենք: Իսկ թե որն է խուճապի սահմանումը, ինչպես որոշենք` որ լուրը կարող է առաջացնել խուճապ, որը՝ ոչ, հանդիպման մասնակից արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը և «Իմ քայլի» պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Վահագն Թևոսյանն այդպես էլ չկարողացան հստակ սահմանել: Բայց երկու ժամ շարունակ հորդորեցին չտարածել մի բան, որի սահմանումն իրենք չգիտեին: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, որը նախորդ օրը քաղաքացիներին հորդորում էր հնարավորինս քիչ լինել հանրային վայրերում, հեռախոսը ձեռքին մտել էր խանութներն ու սելֆի էր անում մարդկանց հետ, ակտիվ շփվում ում հետ պատահի: Հետո էլ ուզում են, որ հանրությունը լուրջ ընդունի այս իշխանությանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ-ում իր ելույթի ընթացքում Փաշինյանը խոստովանեց, որ իր կառավարությունը չի կարողանում հետևել, որ կատարվեն օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված նորմատիվները, այդ թվում՝ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, աշխատանքային, աղմուկի և այլն։ Նա հայտարարեց, որ հիմնարկների 90 տոկոսում, այդ թվում՝ պետական, սահմանված նորմատիվները չեն պահպանվում։ Այդ դեպքում հարց է ծագում, եթե իրոք երկրում ստեղծվել է այդպիսի քաոսային, անկառավարելի վիճակ, ինչո՞վ են զբաղվում պետական տարբեր գերատեսչություններ (որոնք, ի դեպ, հսկայական պարգևավճարներ են ստանում), ինչու դրանք չեն պայքարում համատարած ու զանգվածային խախտումների դեմ, և արդյոք դա հանցավոր անգործությա՞ն, թե կոռուպցիայի դրսևորում է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները, թե՛ արտասահմանում, մասնավորաբար ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող մի քանի լուրջ անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված առկա վիճակում մեր պետությանն աջակցելու։ Մենք տեղեկություն ունենք, որ նրանք պատրաստվում են ոչ միայն գումարային աջակցության տեսքով սատարել երկրին, այլև համապատասխան առաջին անհրաժեշտության ապրանքներով և բժշկական միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը պետությունն ունենա։ Ի դեպ, նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մի քանի գործարարներ արդեն առաջին քայլն են արել: Այս օրերին, մեր տեղեկություններով, սպասվում են նոր նախաձեռնություններ: Հնարավոր է՝ դրանց մի մասը պարզապես չհրապարակայնացվի, հենց գործարարների ցանկությամբ, ցուցադրականությունից զերծ մնալու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ որոշում է կայացվել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող մաքսային տեսուչին 2015թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործը ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շարունակությունն է: Հիշեցնենք, որ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ ժամանակ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ նկուղում: Եւ հիմա կարելի է ասել` ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց եւ Ֆինանսների նախարարության պաշտոնյաների մասով լուրջ հետքի վրա է դուրս եկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին թեպետ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, ու հատկապես արգելվելու են զանգվածային միջոցառումները, առավելագույն չափը մարդկանց կուտակումների 20 մարդուց ոչ ավելի պետք է լինի, սակայն մի շարք հաստատություններ կաշխատեն բնականոն հունով, թեեւ արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Ազգային ժողովը: Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում եւ այլն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն: Ինչպես հայտնի է, բանակում առկա որոշակի ժամանակահատված առաջացած անկառավարելի իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, եւ այժմ այդ կառույցն ունի միայն պաշտոնակատար: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել` ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը: Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Եվ, ըստ մամուլի հրապարակումների, Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ: «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել: Հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում: Եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` քաղաքապետարանը դեռ չի կորցրել Աջափնյակում (մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի «Թումո») մետրոյի կայարան ունենալու իդեա-ֆիքսը: Քաղաքապետարանի հետ համագործակցության «փորձ» ունեցող («Հին Երեւանի» կառուցապատման մասով) շվեյցարացի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել, եթե այդ տարածքն իրեն տրամադրեն՝ բիզնես-համալիր կառուցելու։ Հարակից կառուցվող մետրոյի ճարտարապետական մասը` շենք, կամուրջ, կանգառ, խոստացել է վերցնել իր վրա։ «Բայց մնացած` ներքին կոմունիկացիաների համար այլ ներդրող պետք է լինի։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ կառավարությունը ներդրում կանի։ Բայց հիմա հույսը նվազել է, այն էլ տնտեսական այս անկման պայմաններում, որովհետեւ իրենք հազիվ իրենց պարգեւավճարների հարցն են լուծում, եւ այս խնդիրը, ինչպես շատ խոստումներ, կմնա սառույցի վրա գրված»,- ասաց ավագանու ընդդիմության ներկայացուցիչը: Մեր հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է Աջափնյակում կայարանի կառուցման խնդիրը, քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասաց. «Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիրը քաղաքապետարանը շատ շուտով կներկայացնի հանրության դատին»: Դա կլինի միայն Սրմաքեշի՞ մասով։ «Ես Սրմաքեշի անուն չտվեցի»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և մասնավորեցվող կազմակերպությունների ցանկում ավելացնել Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն: Հետաքրքիրն այն է, որ այս ընկերությունը մասնավորեցնելու հիմնավորումը ոլորտում մրցակցության մեծացումն է: Սա մի քիչ տարօրինակ հիմնավորում է, եթե նկատի ունենանք ոլորտի յուրահատկությունը, և պետության համար այս ոլորտի ռազմավարական նշանակությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ: Նրանք ասում էին, որ ծխախոտն իրենց համար ավելի առաջնային նշանակություն ունի, քան սնունդը, եւ խնդրում էին, որ միջոցներ գտնեն՝ իրենց դա հասցնելու համար»:


«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք»-ի խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։ «Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,-մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Լուսինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։ Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ «Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,-վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետարանների կրթության բաժինները դպրոցի տնօրեններին կարգադրում են անցնել ուսուցման էլեկտրոնային հեռավար համակարգի, որը հնարավորություն կտա աշակերտներին հետ չմնալ ուսումնական ծրագրից, իսկ ուսուցիչներին չզրկվել վարձատրությունից: Սակայն այս համակարգը Հայաստանում դժվար է ներդնել, քանի որ հատկապես գյուղական համայնքներում ոչ բոլորը ունեն ինտերնետային կապ, առանց որի ուսուցման հեռավար համակարգն անհնար է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado եւ Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ: Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ»:


«Փաստ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապես` մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները, Արցախի Հանրապետությունը, պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը:


Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են 2014 թվականի հոկտեմբերի 23-ին կառավարության N1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան: 2020-2021 ուստարվա՝ պետության կողմից անվճար տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, մաթեմատիկայի, գյուղատնտեսական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ընդհանուր առմամբ 2020-2021 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1373 տեղ, որից մրցութային կարգով 80 տեղ կհատկացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին»: