Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացրած հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «6 տարի առաջ իրականացված ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքները հիմք ընդունելով՝ Ռուսաստանի կողմից իրականացված ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի բռնակցումը մեր երկիրը և միջազգային հանրությունը չեն ճանաչում»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի համար շարունակելու են առաջնային լինել «Ղրիմի տեղաբնիկներ հանդիսացող թաթարների անվտանգությունը, մշակութային ինքնության պահպանումն ու բռնակցման հետևանքով նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերացումը»:
Թուրքիան շարունակում է իր պանթուրքիստական և նեոօսմանական քաղաքականության շրջանակներում հանդես գալ ընդդեմ ՌԴ-ի՝Ղրիմի հարցում և Անկարայի համար ծանր հարված էր Սև ծովում ռազմավարական կարևոր դիրք ունեցող Ղրիմի թերակղզու միացումը ՌԴ-ին:
Պատմականորեն Օսմանյան Թուրքիան մեծ ազդեցություն ուներ Ղրիմի խանության նկատմամբ, իսկ հետխորհրդային շրջանում Թուրքիայի Հանրապետությունը ստեղծել է ազդեցության մի ամբողջ ցանց տեղի Ղրիմի թաթարների նկատմամբ:
Թուրքիան տարբեր ՀԿ-ներ ու դպրոցներ էր բացել Ղրիմում, այդ թվում Նուրջուլար կրոնական շարժումը մեծ ազդեցություն ուներ տեղի թաթարների շրջանում: Թուրքիայում բնակվում է մոտ 3 միլիոն Ղրիմի թաթար կամ նրանց ժառանգները:
Ղրիմը՝ ՌԴ-ին միանալուց հետո թուրքական հատուկ ծառայությունների, բիզնեսի ազդեցությունը թերակղզում կտրուկ նվազել է և ռուսական հատուկ ծառայությունները կտրուկ սահմանափակում են թուրքական ազդեցության տարածումը Ղրիմի թաթարների նկատմամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի թաթարների մշակութային ինքնավարության ստեղծման առումով, ինչպես նաև թաթարերենը համարվում է Ղրիմի պաշտոնական լեզուներից մեկը: ՌԴ-ն մեծ ուշադրություն է դարձնում Ղրիմի թաթարների սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը: Անկարայի մեղադրանքներ Մոսկվայի հասցեին անհիմն են:
Այսպիսով, Ղրիմի թաթարները հանդիսանալով ՌԴ-ի լիարժեք քաղաքացիներ ինտեգրվել են ՌԴ-ի քաղաքական, մշակութային, տնտեսական կյանքին: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմի տնտեսական վերածնունդին՝վերջերս բացվեց Ղրիմի թերակղզին ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի հետ կապող կամուրջը, ինչը նոր խթան է թերակղզու տնտեսական զարգացմանն ու զբոսաշրջության ներուժի մեծացմանը:
Ղրիմն այլևս երբեք չի լինելու Ուկրաինայի կազմում, իսկ Թուրքիան պետք է զսպի իր պանթուրքիստական ախորժակը, քանի որ Ղրիմի անվտանգության երաշխավորն այլևս միջուկային տերություն ՌԴ-ն է: Ղրիմի թերակղզին վերածվել է ամուր ռազմական, ռազմա-ծովային բռունցքի, որը նաև հզոր հարված է ՆԱՏՕ-ի պլաններին՝Սև ծովը դարձնելու ՆԱՏՕ-ի «ներքին ծով» կամ ազդեցության գոտու:
Վարդան Վարդանյան