VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ հայտարարվեց արտակարգ դրություն, որը կտևի մինչև ապրիլի 14-ը ժամը 9:00-ն: Որոշման նախագծում մեկնաբանվում էր, թե նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը: Եվ այս օրերին, արտակարգ դրությամբ պայմանավորված, մի շարք սահմանափակումներ են լինելու՝ կապված Հայաստան մուտքի ու ելքի, լրատվամիջոցների աշխատանքի, հավաքույթների և այլ հանգամանքների հետ: Օրինակ` հավաքույթները պետք է փոքրաթիվ լինեն և չգերազանցեն 20 անձը: Եվ արտակարգ դրությամբ պայմանավորված` հետաձգվեց նաև ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ 50 օրվա ընթացքում` ՀՀ նախագահի որոշմամբ:
Նկատենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն է հայտարարվում: Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր դեռ 1990 թվականի օգոստոսի 29-ին` ՀԽՍԳ Գերագույն խորհրդի որոշմամբ: Որոշման պատճառը Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպության հակաօրինական գործողություններն էին, ինչը բերել էր հանրապետությունում իրադրության սրման: Իսկ արդեն նորանկախ Հայաստանում առաջին անգամ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Այդ ժամանակ ևս այն ենթադրում էր հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման արգելք, իսկ լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Նույնը նաև այժմ է, հատկապես` լրատվամիջոցների աշխատանքի մասով, բայց մի էական տարբերություն կա. 2008-ին իշխանության կարծիքից տարբերվող նյութեր հրապարակող, այսպես ասած, ընդդիմադիր թերթերը չէին հրատարակվում տպարաններում՝ անկախ բովանդակությունից, որը երբեմն հագեցած էր միայն պաշտոնական տեղեկություններով: ԱԱԾ ներկայացուցիչը տպարանում պարզապես արգելում էր այդ թերթերի տպագրությունը: Այժմ իրավիճակ է փոխվել. թեև արտակարգ դրություն է, սահամանափակումներ կան, սակայն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող լրատվամիջոցներին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր լույս է տեսել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսներում, կարծես, որոշակի վերադասավորումներ են սկսվել։ Մասնավորապես նրանց, ավելի կոնկրետ՝ Քոչարյանի որդուն պատկանող Ց ապահովագրական ընկերության սեփականատերերի ցանկում հայտնվել է Արաբկիրի նախկին թաղապետ, Քոչարյանի մոլի աջակից, դատարանների առաջ նրա ազատության համար պայքարող Հովիկ Շահինյանը։ Ուշագրավ է, սակայն, որ ընկերության պաշտոնական կայքում հիմնադիրներն են Լևոն Քոչարյանն ու ոմն Վահագն Խաչատրյան։ Ստացվում է, որ Քոչարյանները կա՛մ իրենց վրայից հանում են բիզնեսները և ձևակերպում են դրանք կրիմինալի վրա, կա՛մ այսկերպ լավություն են անում իրենց լավագույն աջակիցներին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից: Երեկ փորձեցինք Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցեց, որ եղել է փակ քննարկում ու որոշում, որ չեն խոսելու այդ մասին: Ուշագրավ է, որ տնտեսության ճգնաժամային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը հրավիրված չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ անգամ նեղ վիճակում իշխանությունները չեն կարողանում հաղթահարել ամբիցիաներն ու նեղմտությունը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ քաղաքական դաշտում ընդգծված արեւմտյան կողմնորոշում ունեցող մի քանի ուժեր, որոնք ՀՀ քաղաքական դաշտում չունեն լուրջ քաղաքական դերակատարություն եւ կշիռ, ինչպես նաեւ համապատասխան մարդկային ռեսուրս եւ լծակներ, հանձնարարություն են ստացել ՀՀ քաղաքացիների շրջանում հակառուսական լուրջ քարոզ իրականացնել։ Իրականում հակառուսական քարոզչություն նրանք միշտ են տարել, սակայն այս փուլում նրանք առավել ակտիվ լինելու հրահանգ ունեն Արեւմուտքից: Ընդ որում, նրանք տարբեր ժամանակաշրջաններում իրենց գործողություններն իրականացնում են տարբեր եղանակներով: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկա շրջանում այդ գործընթացն իրականացվում է բացահայտ հակախորհրդային քարոզչություն իրականացնելու միջոցով։ Օրինակ՝ անընդհատ թիրախավորվում են տարբեր խորհրդային գործիչներ, քննադատության ենթարկվում խորհրդային տարիներին կայացված որոշումներ կամ պայմանագրեր եւ այլն։ Սրան զուգահեռ, ակնհայտ արեւմտյան դիրքորոշում ունեցող տարբեր «փորձագետների» ու «քաղաքագետների» միջոցով կազմակերպվում են մամուլի ասուլիսներ, հեռուստաբանավեճեր, նրանց անընդհատ ընդգրկում են տարբեր տիպի քննարկումներում, որպեսզի իրենց կողմից առաջ քաշած թեզերը հանրային սեփականություն դարձնեն։ Թերթի տեղեկություններով՝ այս ողջ գործընթացը որոշակի հավանություն է ստանում ՀՀ գործող իշխանությունների կողմից, որպեսզի քաղաքական-տեղեկատվական դաշտում «բալանսավորում» ապահովվի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու օր է մնացել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Նկատենք, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն: Եվ տեղեկությունների համաձայն՝ նա այս ընթացքում փորձում էր ոչ միայն հարմար թեկնածուներ փնտրել, այլ նաեւ հետեւում էր նրանց աշխատանքին: Եվ, ահա, արդյունքը եղավ այն, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կվերանշանակվի: ՀՀ ոստիկանապետի մասով դեռ հստակ չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետեւանքները դրան են հանգեցնում։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Գիտեք, խնդիր իսկապես կա, եւ թեպետ մենք կողմնակից ենք առողջապահական նպատակներից ելնելով նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, կա օրենքի պահանջ, եւ ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է օրենսդիր մարմնի հետ քննարկումներ իրականացնի` հնարավոր լուծումներ գտնելու համար. ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»: Իսկ հնարավո՞ր է կամիկաձե դառնաք` բոլորով. «Չեմ կարծում. կարծում եմ` իրավական լուծումներ կգտնվեն, չնայած իրավական կազուս կա»: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ չնայած իր «տիտանական ջանքերին»` ընդդիմադիր Խաժակյանին եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին քաղաքապետ Մարությանը հրաժարվել է ընդունել, խոսել այդ մասին: Հնարավո՞ր է քաղաքապետարանում չէր։ «Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը, ում հետ ես շփվել եմ, դա է պնդում, չեմ բացառում»,- ասաց Խաժակյանը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ Հայաստանում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՊՆ-ն ամեն ինչ արել է, եւ առաջիկայում սնունդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության եւ այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով եւ այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին օրերին Հայաստանում կատարվողին ամենաուշադիրը հետեւում են ՍԴ դատավորները։ Նրանք համոզված են, թե որքա՜ն խելացի վարվեցին, որ չգնացին վաղաժամ թոշակի։ Բացի առաջարկի անազնիվ լինելուց, գործարքն առաջարկողները կարծում էին, թե դատավորները հանցագործ են` նախկին անարդարությունների մասնակից, թալանչի ռեժիմի սպասարկու, շտամպել են կեղծված ընտրություններ։ Մերժված, հանցավոր իշխանությունների մաս են կազմել. թող փողը վերցնեն` «ռադ ըլնեն»։ Ու թե դատավորներից որեւէ մեկը համաձայներ, կստացվեր, որ համաձայն է այդ ամենի հետ: Հասարակության մեջ էլ չկար որեւէ մեկը, որ համաձայն լիներ։ Պնդում էին` դատավորները պետք է գնան, բայց փողը, էն էլ` էդքան, ինչու՞ պիտի ստանան: Ասում են` չարիքի փոքրագույնն է, որ հիմա էլ հանրաքվեն տապալվեց. նոր դատավորներ էին լինելու` Գագիկ Ջհանգիրյանը, Վահե Գրիգորյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «տարած-հետ բերած» Վլադիմիր Վարդանյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Շատերին կարող է թվալ, թե սա սովորական հայկական չտեսություն է։ Նաեւ մեր ազգին բնորոշ՝ արագ խուճապի մատնվելու ունակություն։ Սակայն աշխարհի տարբեր անկյուններում արված ֆոտոռեպորտաժներն ասում են, որ սննդի եւ կենցաղային իրերի խուճապային քանակի գնումներ արվում են բոլոր երկրներում։ Եվ զուգարանի թղթի մեկ տարվա պաշար կրող այս կինը եզակի երեւույթ չէ՝ ամենուրեք այսպես է։ Մարդը նման քայլերի գնում է ոչ այնքան սոված ու կենցաղային կոմֆորտից զրկվելու վախից, որքան նման գնումներ անելով՝ իրեն ավելի պաշտպանված է զգում, ավելի ապահով։ Նաեւ մարդկանց ավելի շատ վախեցնում է անորոշությունը, քան անգամ մահվան վտանգը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգն ունակ է բաց աչքով ու անվախ գնալ մահվանն ընդառաջ, եւ ապագայի հանդեպ անորոշությունը նրան ավելի շատ է խուճապի մատնում, քան զինված հակառակորդը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և քաղաքացիների անվտանգության մասին հոգալու նպատակով երեկվանից Երևանում գործող առևտրի կենտրոնները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ «Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Երևանում գործող «Ռիչ Պլազա» առևտրի կենտրոնի աշխատակիցներից, համաձայն որի՝ ղեկավարությունը հրաժարվում է ժամանակավորապես դադարեցնել առևտրի կենտրոնի աշխատանքները։ Կապ հաստատեցինք կենտրոնի ղեկավար Արմեն Զաքարյանի հետ՝ հասկանալու իրենց տրամադրվածությունը հարցի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Զաքարյանը ասաց՝ պարտադրաբար ոչ մեկին աշխատանքի չեն բերել։ «Զոռով ոչ մեկին աշխատանքի չենք բերել։ Թող իրանք չգան աշխատանքի։ Մենք չենք պարտադրում։ Մեր քայլն այն է, որ ով բողոքում է, չի ուզում աշխատել, մենք իրենց չենք պարտադրում, որ գան գործի։ Դա մեզ անհրաժեշտ չէ»,- վրդովված նշեց տնօրենը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է։ Բանն այն է, որ օրեր առաջ ոստիկանության Արթիկի բաժանմունքը առգրավել ու հատուկ պահպանվող տարածք է տարել Վարագյանի անվան հետ կապվող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան, ինչը ըստ շրջանառվող լուրերի՝ չգրանցված մեքենա է եղել եւ հայտնաբերվել է համայնքի ղեկավարի բաջանաղի ավտոտնակից։ Խնդիրն այսքանով չի սահմանափակվում եւ ոստիկանությունը փնտրում եւ դեռեւս չի գտնում Մխիթար Վարագյանին պատկանող մեկ այլ ավտոմեքենա «Պորշ» մակնիշի, որը վերջինս օգտագործել է ԱԺ պատգամավոր եղած տարիներին պետական 050 ՕՕ 11 պետհամարանիշներով։ Ավելին՝ ոստիկանության հետ խնդիրները ստիպել են Վարագյանին համայնքի ավագանու նիստին կոչ անել ժողովրդին ոստիկանություն գնալիս գրպանները կարած գնալ, որպեսզի «բան չքցեն ջեբերը»։
Այս ֆոնի վրա քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Մխիթար Վարագյանը ամանորյա ծախսերի համար համայնքի բյուջեից դուրս է գրել 2մլն 500 հազար դրամ գումար, որից շուրջ 500 հազարը դրամն ուղղվել է Արթիկի հյուրանոցի շենքում գտնվող ռեստորանին, որը ըստ արթիկցիների՝ քաղաքապետի ու նրա շրջապատի «պեռեռիվի» տեղն է ու այդ ծախսերը կապ չեն ունեցել նոր տարվա միջոցառումների հետ, ավելին՝ համառորեն լուրեր են շրջանառվում, որ նշյալ գումարի շոշափելի մասը եւս փոխանցվել են «անհասկանալի» ընկերությունների, որի բացահայտման, պարզաբանման մասին մարդիկ ակնկալում են ուժայինների միջամտություն։ Հետաքրքրական այն է, որ այս ամենն արթիկցիների շրջանում ուղեկցվում է համառ խոսակցություններով, իբրեւ ՀՀ ոստիկանության ղեկավարների վրա ինչ որ կերպ կարողանում են ազդել հոգուտ Վարագյանի, այլապես արդեն իսկ բավականաչափ հիմնավոր գործեր հարուցված կլինեին, թեկուզ միայն մեքենաների գույքահարկերը չվճարելու մասով, ըստ խոսակցությունների՝ քաղաքապետի անվան հետ կապված մեքենաները գույքահարկի չկատարված պարտավորություններ ունեն, իսկ դատախազությունն ու մյուս կառույցները կարծես թե դեռեւս լռում են»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան ընտրությունների հարցում, ի տարբերություն հայաստանյան զարգացումների, կասկած չկա՝ թե՛ արցախյան իշխանությունների, թե՛ թեկնածուների կարծիքը միանշանակ է. չնայած թեկնածուները քարոզարշավի իրենց գրաֆիկներում որոշակի փոփոխություններ են մտցրել` բացառելով փակ տարածքներում հանդիպումները, ընտրությունները չեն հետաձգվելու։ «Ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր, կորոնավիրուսի որեւէ դեպք մենք Արցախում չունենք, ուստի օրակարգում նման հարց դեռեւս չկա, այլ բան է, որ միջոցներ են ձեռնարկում ոչ միայն կորոնավիրուսի արգելման, մինիմալիզացված շփումների, հանդիպումների հետ կապված, այլեւ հանդիպումները տեղափոխվում են առավել օպտիմալ` օնլայն մակարդակ»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Ի դեպ, այնտեղ գտնում են, որ, ըստ անհրաժեշտության, իրենց մոտ եւս կարող են արտակարգ դրություն հաստատել` ընտրությունները հավուր պատշաճի, վերահսկողությամբ իրականացնելու համար: «Կոնտրոլ պունկտերո՞վ»։ «Եթե բանը հասնի դրան, ձեւը կորոշենք՝ ԿԸՀ-ն արդեն կազմակերպչական աշխատանքներ է տանում, որպեսզի ընտրությունների օրը ընտրատեղամասերում մասնակիցների կուտակումներ չլինեն, ամեն բան ախտահանված, անվտանգության նորմերին համապատասխան լինի»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»: Ծովինար Վարդանյանը «ՀՀ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը բաղկացած է երկու մասից․ նախ՝ օրենսգրքի մակարդակով երաշխիքներ են նախատեսել հղի կանանց եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար.
«Փորձել ենք ավելի հավասարակշիռ կետի բերել այն կանանց իրավունքները, որոնք աշխատանքի են անցնում ֆիզարձակուրդից հետո։ Հավասարակշիռ ասելով ի նկատի ունենք, որ պետք է պաշտպանվեն ոչ միայն աշխատող կանանց իրավունքները, այլեւ գործատուի շահերը»։ Նշենք, որ կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը գործող օրենսդրությամբ ընդամենը մեկ ամիս է, ինչը նախագծի հեղինակները բավարար ժամկետ չեն համարում: Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին եւ աջակցել նոր ծննդաբերած կնոջը»: